15/11/2021 16:36
Սուրեն Պապիկյանի նշանակումը ժամանակավոր լուծում է՝ հաջորդ նախարարին ծանրութեթև անելու քայլ. ռազմական փորձագետ
Ակնհայտ է, որ պատերազմից հետո Հայաստանում առկա է ներքաղաքական ճգնաժամ, որը չհանգուցալուծվեց անգամ արտահերթ խորհրդարնական ընտրություններով։ Ուժային բոլոր կառույցներում արագ փոփոխություններ տեղի ունեցան, ինչը խոսում է երկրում անկայուն վիճակի մասին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով վերջին մեկ տարում պաշտպանության 4 նախարար փոխելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը։
«Հաճախակի կերպով ուժային գերատեսչությունների ղեկավարներ փոխելը բերում է այդ գերատեսչությունների գործունեության կաթվածահար վիճակի։ Ամեն մեկը գալիս է, սկսում իր ձեռարգրով աշխատել, և մեկ-երկու ամիս հետո նրան հրաժեշտ ենք տալիս։ Այդ մեկ-երկու ամսվա փորձը դնում ենք մի կողմ, և նոր եկած նախարարը սկսում է նոր ձեռագրով աշխատել և այդպես շարունակ։ Ստացվում է՝ մեկ տարվա ընթացքում ոչինչ չենք կարողանում անել և ամեն ինչ սկսում ենք նոր կետից, ՕԳԳ-ն հավասարվում է զրոյի, նույնիսկ մինուսի», - նշեց մեր զրուցակիցը։
Անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում Սուրեն Պապիկյանի նշանակմանը՝ Կարեն Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ վերջինիս գոնե մասամբ կհաջողվի բարձրացնել պաշտպանական գերատեսչության նկատմամբ վստահությունը։
«Չեմ կարծում, որ Սուրեն Պապիկյանը երկար կմնա պաշպանության նախարարի պաշտոնում։ Կարծում եմ՝ այս հապճեպ նշանակումը լավագույն լուծումն է՝ մինչև նոր, մշտական նախարար գտնելը։ Սա, կարելի է, ասել, ժամանակավոր լուծում է՝ արագ կերպով նախարար նշանակելու և հաջորդ նախարարին ծանրութեթև անելու քայլ, այլ ոչ թե 5-6 օր ընդհնարապես պաշտպանության նախարար չունենայինք», - ասաց ռազմական փորձագետը։
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոը զբաղեցնող Սուրեն Պապիկյանն այսօր նախագահի հրամանագրով նշանակվել է Պաշտպաության նախարար։ Նա այս պաշտոնու փոխարինել է պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանին։