15/11/2021 21:08
Ռուբեն Խլղաթյանը գրավի դիմաց ազատ է արձակվել
Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Դատախազությունը միջնորդություն էր ստացել պաշտպանության կողմից՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որի քննարկման արդյունքում գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել բավարարելու այն, փոփոխելու գործով որպես մեղադրյալ ներգրավված երկու անձի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը՝ գրավով»,- նշեց Աբրահամյանը՝ հավելելով, որ գրավի չափ է սահմանվել 5 մլն ՀՀ դրամը:
Աբրահամյանի փոխանցմամբ՝ որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ գործով նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում, մեղադրյալներն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը և այդ պայմաններում նվազել է դատավարության մասնակիցների նկատմամբ ապօրինի ներգործություն գործադրելու ռիսկը։
Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը 2021թ անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով։ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։ Քրեական գործի շրջանակներում Ռուբեն Խլղաթյանին և Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154,2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու փորձի հատկանիշներով, որն իրականացվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ըստ քրեական գործի՝ խոսքը գնում է 9 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք բաժանելու փորձի մասին։
Քրեական գործով նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն պաշտոնապես տեղեկացրել է դեռևս սեպտեմբերի 15-ին։ Քրեական գործն ուղարկվել էր հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար, սակայն առ այս պահը քրեական գործը դեռևս դատարան չի ուղարկվել։