15/11/2021 14:23
1 տարվա ընթացքում 4-րդ ՊՆ-ն է նշանակվում․ այս իրավիճակում անվտանգությունից խոսելն անլուրջ է․ պատգամավոր (Տեսանյութ)
Մեկ տարվա ընթացքում 4-րդ պաշտպանության նախարարն է փոխվում։ Խոսել անվտանգության համակարգի, պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականության մասին այն պայմաններում, երբ մեկ տարվա ընթացքում 4 տարբեր պաշտպանության նախարար է փոխվել, կարծում եմ, անլուրջ է։ Դեռ չեմ խոսում ԶՈՒ ԳՇ պետերի, տեղակալների, բանակային կորպուսներում տեղի ունեցած փոփոխությունների մասին։ Ի վերջո, պատերազմից հետո մենք նաև ՊԲ հրամանատարական կազմում փոփոխություններ ունեցանք, փոխվեց նաև ՊԲ հրամանատարը, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանն անվտանգության ու պաշտպանության բնագավառում տեղի ունեցող իրավիճակը բնութագրեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորի խոսքով՝ մենք մտել ենք կադրային շրջապտույտի մեջ, որից դուրս գալու հեռանկարները տեսանելի չեն։ Բանակում, անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները ունեն վերնագիր, բայց ոչ բովանդակություն։
«Հայաստանի սահմաններն ու Արցախը շարունակում են թշնամու ագրեսիային ենթարկվել, Ադրբեջանն ամրանում է այն տարածքներում ու դիրքերում, որտեղ հայտնվել ու առաջ է եկել նաև պատերազմից հետո, իսկ Հայաստանի գործող իշխանությունը շարունակում է բանակն արժեզրկելու ավելի վաղ որդեգրած իր քաղաքականությունը», - ասաց Աբրահամյանը:
Ստեղծված իրավիճակի պատճառը, ինչպես նաև այդ իրավիճակից ելքը, ըստ Տիգրան Աբրահամյանի, մեկն է։
«Սա ունի մեկ պատճառ։ Այդ պատճառը Նիկոլ Փաշինյանն է։ Մեր երկրում ցանկացած խնդրի շուրջ քննարկում, որ բաղադրիչին էլ այն վերաբերի՝ անվտանգային, ներքաղաքական, արտաքին քաղաքական, թե այլ, միևնույն է, հիմքում ունի Նիկոլ Փաշինյանին, և Հայաստանում գործող ցանկացած ուժի՝ խորհրդարանական, արտախորհրդարանական, քաղաքական, թե հասարակական, ցանկացած առողջ ուժի, ցանկացած գիտակից մարդու համար լուծումը պարզապես Նիկոլ Փաշինյանի փոփոխությունն է», - ընդգծեց պատգամավորը։