15/11/2021 15:55
ՊՆ-ի, ԳՇ պետի, ԱԽ քարտուղարի հայտարարություններով ու վարքագծով Հայաստանի Հանրապետության պետականության գերեզմանաքարն է դրվում. Տիգրան Աբրահամյան
Հայաստանը երեկ պաշտոնապես երկու հաղորդագրությամբ նշել է, որ որևէ հայկական դիրքի նկատմամբ վերահսկողություն չկա (ադրբեջանցիների կողմից-խմբ․), իսկ Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածում, թե 4 դիրքից ադրբեջանցիները դուրս են եկել։ Իսկ ինչո՞ւ չեն հայտարարում՝ քանի՞ դիրքում են եղել ադրբեջանցիները, որ 4 դիրքից էլ դուրս են եկել, հրավիրված քննարկմանը նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական գերատեսչությունների կողմից հասարակությանը տրամադրվող տեղեկատվությունը որակելով հակասական ու մանիպուլյատիվ։
«Շատ դեպքերում օգտվում են որոշ մարդկանց պարկեշտությունից, իրավիճակին մի քիչ ավելի մոտ գտնվելու հանգամանքից և նրանից, որ շատ չենք խոսում այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունենում և՛ սահմանագծին, և՛, առհասարակ, Զինված ուժերում», - շեշտեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ՊՆ-ի, ԳՇ պետի, ԱԽ քարտուղարի այսպիսի հայտարարություններով ու վարքագծով Հայաստանի Հանրապետության պետականության գերեզմանաքարն է դրվում։
«Ինչո՞ւ են խաբում, մոլորեցնում հասարակությանը, որ իրականում ոչինչ տեղի չի ունեցել՝ այն պարագայում, երբ բազմաթիվ զինծառայողներ, մարդիկ, ովքեր կապված են այդ հատվածների հետ, այդտեղ են, տիրապետում են լիովին հակառակ տեղեկատվությանը՝ հակառակ այն հայտարարությունների, որոնք տրվել են պաշտոնական գերատեսչությունների կողմից։ Ինչո՞ւ են սահմանը փակելուց մի քանի ժամ առաջ ընդամենը տեղեկացնում, որ Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում անցակետ է դրվում՝ այն դեպքում, երբ դրանից օրեր առաջ դրա մասին խոսվում էր, իսկ իշխանական տարբեր ֆունկցիոներներ իրենց հայտարարություններով փորձում էին հերքել դրա հավանականությունը», - ասաց Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ ընդդիմությունն ու հասարակությունը հարց են բարձրացնում անվտանգության, քաղաքական, ռազմավարական, դիվանագիտական խնդիրների կամ դրանց տապալման մասին, իշխանության պատասխանը նույնն է լինում․ խոսում են լավ որակի ասֆալտով ճանապարհաշինությունից։
«Մենք խոսում ենք հայրենիքի կորստի մասին, սրանք խոսում են այդ կորսված հատվածները շրջանցող ճանապարհների մասին։ Եվ ոնց պտտվում ենք, վերադառնում ենք նույն կետին, որ այս իշխանության պաշտոնավարման պայմաններում որևէ ոլորտում որևէ լավատեսական բան ակնկալել մենք ուղղակի չենք կարող», - ընդգծեց պատգամավորը։