15/11/2021 10:20
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա. ԱԱԾ-ն տեսանյութ է հրապարակել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։
«Մասնավորապես, նախապատրաստված նյութերում առկա փաստական տվյալների համաձայն, պետական մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը, հիմնադրամի կողմից 2021 թ-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից, վերոնշյալ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում, կապալառու ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով 25.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձը ստացել է 2021 թ-ի սեպտեմբերին։
Ստացված տեղեկությունների իրացման նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2021 թ-ի նոյեմբերի 12-ին պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։
Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումեր կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է նպատակաուղղված պայքար մղել պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ կոռուպցիոն երևույթները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու ուղղությամբ», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում։