15/11/2021 15:04
Բոլորիս առաջնահերթ խնդիրն է ադրբեջանցիների հեռացումը մեր գյուղերից ու ճանապարհներից. մնացած ամեն ինչ երկրորդական է. Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիտարկմաբ՝ բոլորի առաջնահերթ խնդիրն է ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը հայկական գյուղերի մոտից ու ճանապարհներից։
Մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ադրբեջանական այն ծառայություններն են, որոնք պատերազմի ընթացքում խոշտանգել, սպանել են մեր զինծառայողներին ու քաղաքացիական անձանց և դրա համար չեն պատժվել: Այս սպառնալիքը չի վերացել. ադրբեջանական իշխանությունները ավելի են խորացրել հայատյացյությունն ու թշնամանքի քարոզը»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է ՄԻՊժը։
Նա նշել է, թե քաղաքական շահերը չպետք է խանգարեն մեր երկրի ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգությանը, մեր ամենակենսական իրավունքներին վերաբերող այս օրհասական հարցերի լուծմանը:
«Ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունն ինքնին մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին ՀՀ բնակչության կյանքի, ազատ տեղաշարժի ու մյուս կենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտում է, անվտանգության իրական սպառնալիք: Ուստի, բոլորիս առաջնահերթ խնդիրն է (ամեն մեկս մեր մասով) ադրբեջանական զինված ու մյուս բոլոր ծառայողների հեռացումը մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից, իսկ դրա հիմքերը մենք ունենք: Սա առավել ևս վերաբերում է մեր երկիր ադրբեջանական ներխուժումներին. նրանք նաև պետք է պատժվեն իրենց հանցավոր արարքների համար:
Մնացած ամեն ինչ երկրորդական է, մնացած ամեն ինչ ստորադաս է»,-նշել է Թաթոյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք։
«Իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել»,-ասել էր նա։
Ավելի ուշ Անվտանգության խորհուրդն էր հայտարարությամբ հանդես եկել՝ նշելով, որ ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ:
«ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան և զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ»,-ասված էր ԱԽ հայտարարությունում։