15/11/2021 18:10
Կապան-Ճակատեն ճանապարհին անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Տավուշի մարզից տարածքներ հանձնելու մասին մամուլի հրապարակումներին:
«Որևէ մեկը որևէ բան հանձնելու հետ կապված քննարկման ներկա չի եղել։ Մամուլում տեղ գտած տեղեկություններն այս պահին որևէ ձևով չեմ կարող հաստատել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը:
Կապան-Ճակատեն ճանապարհին ադրբեջանական անցակետեր տեղադրելու փաստին ԱԺ նախագահը ևս անդրադարձավ՝ նշելով, որ անցակետերն «ադրբեջանական տարածքում են»։
«Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում տեղադրել են անցակետեր»,- ասաց նա։
Սիմոնյանը հայտարարեց նաև, որ հայկական ոչ մի բնակավայր կտրված չէ Հայաստանից. կան այդ բնակավայրեր տանող ճանապարհներ, որոնք մինչև տարեվերջ կբարեկարգվեն։
Նա պատասխանեց նաև հարցին, թե առանց սահմանազատում ու սահմանագծում անցկացվելու՝ ինչի՞ հիման վրա է հայտարարում, որ ադրբեջանցիներն «իրենց տարածքում» են անցակետեր տեղադրել։
«Մենք ունենք 2010 թվականի վարչական օրենք, որով այդ տարածքները տարանջատվել են, ինչպես նաև այն բոլոր քարտեզները, որոնք ԽՍՀՄ ժամանակահատվածում գոյություն ունեին և որոնցով Հայաստանի Հանրապետությունն անկախություն է հռչակել։ Մենք պետք է հասկանանք՝ հայրենիքն ինչ-որ վիրտուալ բան է, որն սկսվում է ամբողջ լեռնաշխարհո՞վ, թե՞ կոնկրետ սահմաններ ունեցող բան է»,- ասաց Սիմոնյանը։
Աժ նախագահի խոսքով՝ եթե դեմարկացիայի և դելիմիտացիայի պարագայում պարզվի, որ «ինչ-որ տեղերում» ադրբեջանական զորքերը պետք է հետ գնան, նրանք, միանշանակ, հետ կգնան։
«Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ նույնպես նշվում է մեր կողմից, որ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը պետք է սկսվի, որպեսզի նման հարցեր մեր լրագրողները ոչ ինձ տան, ոչ էլ մեր հանրությունը նման հարցադրումով ինքն իրեն տանջի և փորձի հասկանալ»,- ասաց նա։