15/11/2021 21:50
Ինչպես են Փոքր Մհերը, Զորավար Անդրանիկը և Վանոն որոշում Հայաստանն ազատագրել Վիշապից կամ ով է հզորացնում վիշապին․ կայացել է «Սպանել Վիշապին» վիպակի շնորհանդեսը (Տեսանյութ)
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի «Սպանել Վիշապին» վիպակի շնորհանդեսը մարդաշատ էր։ Ներկա էին քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ, մարդիկ, ովքեր զբաղված են քաղաքականությամբ ու այդ քաղաքականությունը վերլուծելով։
Գիրքն էլ, ըստ էության, քաղաքականության մասին է, բայց՝ ոչ սովորական ֆորմատով։ Այն գեղարվեստական ստեղծագործություն չէ, ոչ էլ քաղաքագիտական դասական վերլուծություն։ Սկզբում նախատեսված է եղել որպես ռադիոպիես, ապա ձևափոխվել է, յուրահատուկ ոճ ստացել։
«Բոլորը խոսում են քաղաքականությունից, բայց ոչ ոք չի լսում քաղաքականության մասին խոսքեր, ոչ ոք չի կարդում քաղաքականության մասին, և որոշեցի ինչ-որ ֆորմատ, ինչ-որ հենք գտնել, որի վրա կարելի է ներկայացնել քաղաքական որոշ պրոցեսներ, քաղաքական տեսություններ, և այս ամեննն ավելի ընկալելի, մատչելի դարձնելու համար գրեցի այս գիրքը։ Գրքում կա մի շատ մեծ տեսություն, որը կարմիր թելի պես անցնում է ամբողջ ընթացքում․ օրինակ այն, որ քաղաքականության մեջ չի լինում բացարձակ չար, որ քաղաքականության մեջ այն, ինչը մեր կողմից ընկալվում է որպես չար, դա ուղղակի այն է, որ ամեն երկիր ունի իր շահերը և ամեն երկիր իր շահն է հետապնդում», - վիպակը ներկայացրեց հեղինակը՝ Աղասի Ենոքյանը։
Բովանդակությունը նա չմանրամասնեց, պատմեց միայն, որ գրքում ներկայացվում է, թե ինչպես են Փոքր Մհերը, Զորավար Անդրանիկը և Վանոն որոշում Հայաստանն ազատագրել Վիշապից՝ չարից։ Դիցապատման ոճով վիպակում լրտեսական պատմություններ են՝ համեմված հումորով։ Մեկնաբանվել են նաև քաղաքական հստակ իրադարձություններ՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը Երևանում, 2018 թվականի իշխանափոխությունը և այլն, տրվել են նաև կանխատեսումներ՝ առաջիկա զարգացումների վերաբերյալ։
««Սպանել Վիշապին» վերնագիրը շատ խոսուն է, հետաքրքիր, նույնիսկ նույնական է Շվարցի հայտնի ստեղծագործության հետ, բայց դրանով այդ նմանությունն ավարտվում է», - վիպակի մասին իր տպավորությունները հայտնեց հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
Նա նշեց՝ Ենոքյանի վիպակում, ի տարբերություն Շվարցի նույնանուն ստեղծագործության, բոլորը ձևացնում են։
«Ձևացնում են, թե պայքարում են Վիշապի դեմ, իրականում ի սկզբանե նպատակ ունեն ավելի հզորացնել Վիշապին։ Վիշապը ձևացնում է, որ վիշապ է, այնինչ նա վիշապ է այնքանով, որքանով նրան հզորացնում են իր դեմ պայքարողները», - ասաց Նարեկ Մալյանը՝ ընթերցողների ուշադրությունը հրավիրելով նաև ապագայի վերաբերյալ հեղինակի կանխատեսումների վրա։
Հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանը նշեց, որ գիրքը երեք անգամ է կարդացել․ ամենից շատ տպավորել են խտացված, առանձնահատուկ ընտրված սիմվոլներն ու համեմատությունները՝ պատմական որոշ իրադարձությունների հետ։
«Բոլոր դրվագները, որոնք առաջին հայացքից կարող են անկարևոր կամ երկրորդական թվալ, իրականում, բացառիկ համեմատականներ և եզրեր ունեն այսօրվա մեր իրականության հետ։ Շատ ուշագրավ է նաև դավադրապաշտական սյուժեն», - կարծիք հայտնեց նա և ներկայացրեց գրքից իր եզրահանգումը․ «Վիշապը նստած է յուրաքանչյուրիս մեջ, և քանի դեռ մեզնից յուրաքանչյուրն իր մեջ այդ Վիշապին չի սպանել, չի կարող իսկական վիշապի հետևից գնալ»։
«Սպանել Վիշապին» գրքի հեղինակ, քաղաքագետ Աղասի Ենոքյանը շնորհանդեսի ավարտին հույս հայտնեց, որ քաղաքականության մասին կարդալու իր տված նյութը ոչ թե հուսահատություն, այլ հուսահատությունը մեղմելու հնարավորություն կտա ընթերցողին։