15/11/2021 18:53
Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի համատեղ ծրագրային առաջնահերթությունները
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը, անդրադարձել է Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին ու ռազմավարությանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացման միտումներին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման, տրանսպորտի և կապի ոլորտներում հնարավոր համագործակցության, ինչպես նաև կրթության և առողջապահության բնագավառում նախատեսված բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Ասիական զարգացման բանկը պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին՝ ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: