16/11/2021 16:23
Գյուղերում երկրապահին, կամավորական ջոկատներին խնդիր ենք տվել, որ պատրաստ սպասեն. Սյունիքի մարզպետ
Այս պահին համար մեկի տակ սպասում ենք. ում պետք է՝ խնդիր ենք տվել, պատրաստ սպասում են։ Մենք գյուղերում երկրապահին խնդիր ենք տվել, որ պատրաստ սպասի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։
Հարցին՝ այսինքն՝ այս պահին Սյունիքի մարզի գյուղերում կամավորական ջոկատնե՞ր են կազմվում, մարզպետը պատասխանեց՝ իհարկե։
«Սյունիքում այս պահին նորմալ է, մենք խնդիր ենք տվել երկրապահներին, կամավորական ջոկատներին, որ պատրաստ լինեն։ Մեր հատվածը նորմալ է, չեմ իմանում՝ ձախ թևում ինչ կա։ Գորիսի հատվածում նորմալ է։ Առաջինում նորմալ է, դա 2-րդ կորպուսի հատվածն է։ Հյուսիսային մասն է, լարվածությունն այդտեղ է», - ասաց Մելիքսեթ Պողոսյանը՝ հավելելով, որ կոնրկետ տեղանուններ և հատվածներ չի կարող նշել, ճշտումներ պետք է կատարել ՊՆ-ից։
Հաջորդ հարցին՝ ի՞նչ տեղեկություններ ունի Իշխանասարի հատվածից, Մելիքսեթ Պողոսյանը պատասխանեց՝ կապ չկա, չեն կարողանում որևէ բան ճշտել։
Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։
Armtimes.com կայքի տվյալներով՝ հայկական կողմն ունի 10 զոհ, գերեվարվել է 6 հայ զինծառայող, ունենք 2 մարտական դիրքի կորուստ:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ հայկական կողմից զոհերի և վիրավորների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին։