16/11/2021 10:13
«Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք». ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը՝ լքելով դահլիճը
Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը:
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է, օգտվելով իր սահմանադրական իրավունքներից, ԱԺ օրակարգ բերել ու արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը:
«Կառավարությունից պահանջում էինք հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, որովհետև այս ամենը կառավարության բացթողումների ու օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը, չարաշահելով իր լիազորությունները, ապօրինաբար խոչընդոտեց այս նախաձեռնությանը, ավելին, իրավական ամենաթողության պայմաններում կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած սյունեցի պատգամավոր Արթուր Սարգսյանը», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ դատապարտում են իրավական այս բեսպրեդելը ու, ի նշան բողոքի, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու հերթկան նիստերի աշխատանքներին:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ ասաց, որ ԱԺ օրակարգում այսօր «Սնդիկի մասին օրենքի» «կարևորագույն» կետի ներառումն է:
« «Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառանա նիստերի դահլիճ այն ժամանակ, երբ մեր երկրի առաջ ծառացած խնդիրները կքննարկվեն ըստ կարևորության ու ըստ օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք», - ասաց Մամիջանայանը: