16/11/2021 21:06
Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները հստակ են դեռ Խորհրդային Միության ժամանակներին ընդունած իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնություններով, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե խնդիրը սահմանային վեճը լիներ, Ադրբեջանը վաղուց պիտի ընդունած լիներ Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծի նկատմամբ զորքերը հայելային ետ քաշելու սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը: Այդ առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն ու պետք է աներկբայորեն հանի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից», - ասաց վարճապետը:
Նա նշեց, թե սեփական կամքը Հայաստանին պարտադրելու Ադրբեջանի հույսերը սին են:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը վճռական են ու բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու են մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, պետականությունն ու անկախությունը:
«Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ընդգծել ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը ու նախկինում մեր արած բոլոր առաջարկություններն ուժի մեջ են», - ասաց նա:
Վարչապետն ասաց, որ Հայաստանը հավատարիմ է նոյեմբերի 9-ի ու հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին:
«Այս պահին սահմանին հարաբերականորեն հանգիստ է, բայց ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. մենք շարունակաբար ու ճշգրտված տեղեկություններ կհաղորդենք ՀՀ քաղաքացիներին», - ասաց Հայաստանի վարչապետը: