16/11/2021 16:40
Ավարտվել է ՀԱԷԿ-ի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման նախագիծը
Նոյեմբերի 16-ին կայացել է «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայկական ԱԷԿ՝ կայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու առիթով:
Սա ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի առանցքային նախագիծ է, որի հիմնական խնդիրներն են ՀԱԷԿ-ի պաշարների վերականգնումը, անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը:
Կայանի արդիականացումը սկսվեց 2015 թվականին, և այդ ժամանակահատվածում կայանում իրականացվեց կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքների մեծ ծավալ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով: ԱԷԿ-ում իրականացված կարևորագույն միջոցառումներից մեկը ռեակտորի իրանի թրծաթողումն է, որը թույլ տվեց վերականգնել մետաղի հատկությունները 85 տոկոսով:
«Հպարտ եմ, որ մասնակցում ենք մի նախագծի, որն օգնեց ՀԱԷԿ-ը դարձնել ավելի անվտանգ և արդյունավետ: Մենք բոլորս միասին հայկական ԱԷԿ-ի մասնագետների, նորոգման ընկերությունների, գիտահետազոտական ինստիտուտների, Հայաստանի և Ռուսաստանի նախագծա-կոնստրուկտորային կազմակերպությունների, ինչպես նաև ատոմակայանների համար սարքավորումներ պատրաստող գործարանների պրոֆեսիոնալների թիմը, իրականացրել ենք սարքավորումների փոխարինման և արդիականացման աշխատանքների հսկայական ծավալ: Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի միջոցառումների մի ամբողջ համալիրի իրականացման շնորհիվ №2 էներգաբլոկը համապատասխանում է ամենաժամանակակից միջազգային պահանջներին, ու Հայկական ԱԷԿ-ը կշարունակի հուսալիորեն ապահովել Հայաստանի բնակիչներին էլեկտրաէներգիայով», - նշել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը:
Ռոսատոմի ձեռնարկությունների մասնագետների իրականացրած ուսումնասիրությունների և ստուգումների արդյունքների համաձայն ՝ Հայկական ԱԷԿ-ի №2 էներգաբլոկի տեխնիկական պարամետրերը թույլ են տալիս շահագործել այն ևս 10 տարի:
«Հայկական ԱԷԿ-ը որոշիչ դեր է խաղում մեր երկրի էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման գործում։ Այս ծավալուն նախագիծն առանց չափազանցության կարելի է համարել Հայաստանի կարևորագույն նախագծերից մեկը», -ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Դրա վրա կանգ առնել չենք պատրաստվում ու մեր առջև նոր նպատակներ ենք դնում. դա 2026 թվականից հետո Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի 10 տարով երկարաձգումն է և ոլորտի հետագա զարգացումը՝ նոր ատոմակայանի կառուցումը» ,-մանրամասնել է նախարար Սանոսյանը:
«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ այցի շրջանակում կազմակերպված միջոցառումներին մասնակցել են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Մովսես Վարդանյանը, ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Արթուր Գրիգորյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ներկայացուցիչները (ԱԷԿ-ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն)՝ Եվգենի Սալկովը, գլխավոր տնօրեն Վլադիմիր Բրեդովը, համալիր նախագծերի բաժնի կառավարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Յուրի Սվիրիդենկոն:
Միջոցառման ընթացքում ամփոփվել են Հայկական ԱԷԿ-ի արդիականացման ծրագրի իրականացման արդյունքները, քննարկվել են 2026 թվականից հետո կայանի ծառայության ժամկետի երկարաձգման, ինչպես նաև նոր կայանի կառուցման հեռանկարները: