17/11/2021 17:04
Ի՞նչ է նշանակում հրաման է եղել չկրակելու. չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն. ՀՀ վարչապետ (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, թե Պաշտպանության նախարարի փոփոխության մանրամասները պետք է հրապարակային քննարկվեն:
«Նախարար նշանակվում է մեր կառուցակարգերի համաձայն՝ վարչապետի հայեցողությամբ ու ազատվում է վարչապետի հայեցողությամբ», - Ազգային ժողովում հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե փորձը ցույց է տալիս, որ քաղաքական հաղորդակցությունն ու քաղաքական բովանդակության ընդհանրությունը շատ կարևոր է ու տվյալ դեպքում ինքը կարևոր է համարում, որ և արտաքին գործերի նախարարի կագավիճակում, և պաշտպանության նախարարի կարգավիճակում իրենց քաղաքական թիմի ներկայացուցիչներ են:
Վարչապետն ասաց, թե հնարավոր չէ այնպիսի բան, որ ՀՀ սահմանների պահպանության վերաբերյալ տրվի չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրաման:
«Դա կլինի պետական դավաճանություն», - ասաց նա:
Ինչ վերաբերում է գերիներին՝ նա ասաց, թե ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպքը պատշաճ ձևով հետաքննեն:
«ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ ու պետք է հստակ բոլոր դեպքերով քննվի. ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում, զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ակնհայտ է՝ եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է ու գերեվարվում է, նրան ոչ մի պրիտենզիա չի կարող լինել:
«Պիտի կոչ անեմ, որ այդ կարգի լուրերը տարածելուց առաջ, այստեղ իշխանության կամ ընդդիմության հարց չէ. ի՞նչ է նշանակում հրաման է եղել չկրակելու, այդպիսի բան չի կարող լինել. չկրակելու հրաման տվողը գործում է պետական դավաճանություն», - ասաց նա:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հայտարարեց՝ երբ Արշակ Կարապետյանին նշանակում էին պաշտպանության նախարար, նա հայտարարում էր՝ եթե լինի ՀՀ սահմանի նկատմամբ ոտնձգություն, միանգամից Հայաստանը կրակ կբացի:
«Այս հարցը այդ ժամանակ պետք է լուծված լիներ: Հետպատերազմյան իրավիճակում, երբ մենք անվտանգային խոշոր սպառնալիքների առաջ ենք կանգնած ու մեծածավալ աշխատանքի կարիք ունենք, Պաշտպանության երեք-չորս նախարար է փոխվել», - ասաց պատգամավորը:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե ամենևին դեմ չէ, որ հանրությունը բոլոր մանրամասներով իմանա, թե որ որոշումը ինչ հանգամանքներում ու ինչ պատճառներով է կայացվել:
«Ես դեմ եմ, որ որ ես հիմա ասեմ բաներ, որոնց մասին ցանկալի չի, որ իմանան ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք: Կներեք, ինչքան էլ մենք քաղաքական տարբեր դաշտերում լինենք, ես այս առումով ձեզնից ոչ մի գաղտնիք չունեմ», - ասաց վարչապետը: