17/11/2021 10:32
Հայկական կողմն ունի 13 գերեվարված, ևս 24 զինծառայողի հետ կապը կորել է. հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախորդ օրը լայնածավալ հարձակում էին գործել Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է, հայտնում են ՊՆ-ից:
Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ, մասնավորապես՝ 4 БТР զրահափոխադրիչ, 1 Sandcat զրահամեքենա, 5 ավտոմոբիլային միջոց (Камаз, Урал, УАЗ)։
Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։
Ռուսական կողմի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման և գերեվարված հայ զինծառայողների վերադարձի շուրջ։
Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։