17/11/2021 19:10
«Չզարմանաք, որ վաղը թշնամին օգտվի այս հայտարարությունից»․ ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց գերեվարված հայ զինծառայողների մասին Փաշինյանի հայտարարությանը
Լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանն արձագանքեց այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե հարկավոր է քննել՝ որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, անգիտակից վիճակում գերի ընկնելու դեպքում «ոչ մի պրիտենզիա չի կարող լինել»։
Վարդևանյանն ընդգծեց, որ սթափ ուղեղով այս հայտարարությունը հնարավոր չէ ընկալել, հատկապես, եթե այդպիսի բան երկրի խորհրդարանական ամբիոնից հնչեցնում է ի պաշտոնե՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներկայացնող և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերի պաշտպան հանդիսացող անձը՝ վարչապետը։
«Եթե նման միտք արտահայտեին Ալիևը և ալիևները, միգուցե տրամաբանություն՝ իրենց ազգի շահի տեսանկյունից, հնարավոր լիներ գտնել։ Իրավական հիմք, իհարկե, չի կարող լինել, որովհետև եթե մարդը ռազմագերի է, դա հատուկ կարգավիճակ է, և անկախ նրանից՝ ինչպես է դա եղել, ինչ հանգամանքներում է նա գերի ընկել, Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ պարտականություն՝ րոպե առաջ ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենակիցները լինեն ՀՀ-ում, ոչ թե նման հայտարարություններ հնչեցնել ԱԺ ամբիոնից։ Չզարմանաք, որ վաղը կամ մի քանի օր հետո թշնամին օգտվի այս հայտարարությունից», - շեշտեց պատգամավորը։