17/11/2021 16:24
Ռուսաստանը Հայաստանի համար հատկացրել է 250 անվճար տեղ առաջատար բուհերում
Ռոսսոտրուդնիչեստվոյի կողմից իրականացվող ծրագրով Հայաստանի շուրջ 250 ներկայացուցիչներ այս տարի հնարավորություն են ստացել անվճար սովորել Ռուսաստանի լավագույն բուհերում, իսկ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև ս.թ. նոյեմբերի 25-ը։ Այս մասին հայտնել են Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ այս ծրագիրը ավանդական է՝ Ռուսաստանը Հայաստանին տարեկան հատկացնում է մոտ 200 տեղ։ Սակայն այս տարի քվոտաների թիվն ավելացվել է։ Խոսքը գնում է անվճար տեղերի մասին Ռուսաստանի բազմաթիվ առաջատար բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այստեղ սովորելը իրական կանաչ ճանապարհ է բացում աշխատաշուկայում, ասում են Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից։
Ռոսսոտրուդնիչեստվոյ ի ծրագրին մասնակցող բուհերի մեծ ցանկում տեղ են գտել ամենատարբեր պրոֆիլներ ունեցող խոշորագույն ուսումնական հաստատությունները: Դրանք են՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը (СПбГУ) , Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և հանրային ծառայության ակադեմիան (РАНХиГС), Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (РУДН), Տնտեսության բարձրագույն դպրոցը (ВШЭ), Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանը (МИРЭА), Ռուսաստանի Գ. վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանը (РЭУ), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը (МФТИ), Մոսկվայի Օ.Ե. Կուտաֆինի անվան պետական իրավաբանական ակադեմիան, Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը (ВГИК), Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը (ГИТИС), Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանը (РНИМУ) և նույնիսկ Երևանում գտնվող Հայ-ռուսական համալսարանը (РАУ).
«Ռուսաստանում սովորելն անվճար է կրթության բոլոր մակարդակներում՝ սպեցիալիտետ, բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա և օրդինատուրա: Ավելին, բժիշկների միջև օրդինատուրայում սովորելու պետական քվոտաների համար մրցակցությունը շատ բարձր է։ Անցած տարի, օրինակ, 16 քվոտայի համար Հայաստանից դիմել է 52 բժիշկ։ 2022-2023 ուսումնական տարվա անվճար տեղերի համար ապագա բժիշկների միջև պայքարն նույնպես լուրջ է լինելու. 25 տեղի համար (այսինքն՝ ընդհանուր քվոտաների 10%-ը) արդեն 40-ից ավելի դիմում է ներկայացվել, և այս ցուցանիշը կշարունակի աճել», - հայտնեցին Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից ։
Քվոտաների մեծ մասը հատկացվում է բակալավրիատի ուսանողներին. անցած տարի այդ ցուցանիշը կազմել է մոտ 130: Տասնյակ դիմորդներ ցանկանում են սովորել նաև մագիստրատուրայում:
«Անցած ուսումնական տարում Ռուսաստանում գիտությամբ զբաղվել, այսինքն սովորել ասպիրանտուրայում, որոշել էր մոտ 25 երիտասարդ Հայաստանից ։ Ընդհանուր առմամբ, քվոտաների ընդհանուր թվի առնվազն 15%-ը հատկացվում է ասպիրանտուրայի համար», - հավելեցին Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից։
Հատկանշական է նաև, որ պետական քվոտաներով կարելի է ստանալ նաև լրացուցիչ մասնագիտական կրթություն։ «Այս տարի արդեն հայտ են ներկայացրել երկու ռուսերենի ուսուցիչներ»,- ասացին Երևանում Ռուսական տան մամուլի ծառայությունից ։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության պետական բյուջեի միջոցների հաշվին ռուսական բուհեր ընդունվելու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ՀՀ տարածքում մշտապես կամ ժամանակավոր բնակվող հայրենակիցները, ովքեր 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված չեն եղել Ռուսաստանի Դաշնությունում): Նրանք education-in-russia.com կայքում հայտ ներկայացնելուց հետո քննություններ են հանձնում ընտրված բուհում հեռակա կարգով։ Ռուսական կրթական կազմակերպությունների ընտրությունը կարելի է կատարել russia-edu.ru կայքում։
«Երևանում Ռուսական տան աշխատակիցները ուրախ են օգնել բոլորին լրացնել դիմումները, պատասխանում են հարցերին, ամենօրյա խորհրդատվություններ անցկացնում։ Մեզ մոտ անցկավվում է նաև ռուսական համալսարանների ցուցահանդեսը, այսինքն՝ մարդիկ կարող են գալ, տեղում ծանոթանալ, ընտրություն կատարել և հայտ ներկայացնել, եթե բոլոր փաստաթղթերը պատրաստ են և առկա են դրանց նոտարական վավերացված թարգմանությունները ռուսերենով», - հայտնեցին Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից ։
Ընդգծեցին նաև, որ ծրագրի մասնակիցներին զինծառայությունից տարկետում տալու հարցը կարգավորվում է ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 195-Ն որոշմամբ («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենք):
Հիշեցնենք, որ այս ծրագրի մասին ամբողջական տեղեկատվությունը տեղադրված է Երևանում Ռուսական տան (Ռոսսոտրուդնիչեստվո Հայաստանում) ֆեյբուքյան էջում։