17/11/2021 11:41
Տնտեսական ակտիվության որոշակի նվազում կա. 6,5 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը չի իրականանա. նախարար
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում եղել է տնտեսական ակտիվության որոշակի նվազոմ:
Ըստ նրա՝ 5 տոկոսը գերազանցող տնտեսական ակտիվության դիմաց, 9 ամիսների արդյունքներով, կուտակային ունեն 4,4 տոկոս:
«Դա հիմնականում պայմանավորված է երկու ոլորտներում արձանագրված դանդաղեցմամբ, առաջին հերթին, լեռնահանքային ոլորտում որոշակի կազմակերպություններ արտադրել ու արտահանել են ավելի քիչ, քան ըստ կանխատեսումների պետք է արտադրեին ու արտահանեին, երկրորդ՝ պայմանավորված է գյուղատնտեսության բնագավառում որոշակի դանդաղեցմամբ. Եթե առաջին դեպքում մենք կարծում ենք, որ դա առաջիկա ամիսների ընթացքում կվերականգնվի, որովհտեև լեռնահանքային ոլորտի ձեռնարկություններն ունեն տարվա համար արդյունահանման իրավունքի սահմանափակում, ինչ-որ քանակով տոննաներ կարող են ընդերքից արդյունահանել, վերամշակել ու արտահանել, ու եթե մեկ կամ երկու ամսվա ընթացքում իրենք արել են ավելի քիչ, կարող են իրենց բացթողածի իրավունքը վերականգնել վերջին ամիսների ընթացքում», - ասաց նախարարը:
Տիգրան Խաչատրանի կարծիքով՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում հնարավոր է այդ մասով նկատեն որոշակի վերականգնում, որը կփոխհատուցի այն դանդաղումը, որը եղել է:
Գյուղատնտեսության դեպքում, նախարարի խոսքով, մի փոքր պատկերն այլ է:
«Ըստ մեր նախնական գնահատականների՝ նաև պատճառն այն է, որ 2020 թվականն է եղել առանձնահատուկ բարձր որոշակի ցուցանիշների տեսանկյունից՝ խաղող, կարտոֆիլ, մի քանի հիմնական մշակաբույս կա, որոնք 2020 թվականին բարձր ցուցանիշներով էին առանձնահատուկ ու 2021 թվականին, ինիչ-ինչ պատճառներով, ունենք որոշակի նվազում», - ասաց Խաչատրյանը:
Նա վստահ չէ, որ մինչև տարեվերջ կունենան վերականգնում, բայց նշեց՝ նման երևույթներ միշտ կարող են լինել, քանի դեռ գյուղատնտեսությունը տեխնոլոգիական չէ:
Թե ինչպիսին է իրենց կանխատեսումը տարեվերջի համար՝ ֆինանսների նախարարը նշեց, թե երեք ամիս առաջ խոսում էին, որ կանխատեսում են 6,5 տոկոս տնտեսական աճ, հիմա, կարծում են, այդպես չի լինի:
«Վեց տոկոսը չի գերազանցի, բայց հոկտեմբերն էլ ամփոփենք, որ ավելի վստահ կանխատեսումների մասին խոսենք», - ասաց նախարարը: