17/11/2021 18:28
Սյունիքում, Սոթքում, Շորժայում, մյուս տեղերում է՞լ չկրակելու հրաման տվողները «դավաճաններ» էին․ Աղվան Վարդանյանն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը լրագրողների հետ հանդիպմանն արձագանքեց խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե հնարավոր չէ, որ զորքին տրվի չկրակելու հրաման, դա կլինի պետական դավաճանություն։
«Նրա յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր հայտարարությունը սուտ, կեղծիք, դեմագոգիա, իրականությունը 180 աստիճանով շուռ տալ է։ Ասել է՝ ով չկրակելու հրաման է տվել, դավաճան է։ Պարզ օրինակներ․ Սյունիքում մայիսի 12-ին կատարվեց ՀՀ ինքնիշխան տարածքի զավթում, նաև Սոթքում, Շորժայում, մյուս տեղերում։ Այն ժամանակ է՞լ չկրակելու հրաման տվողները «դավաճան» էին։ Քանի՞ հոգի է այս 6-8 ամսվա ընթացքում այդ պիտակին արժանացել և պատասխանատվության ենթարկվել», - հարց բարձրացրեց Աղվան Վարդանյանը։
Նա հավելեց, որ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելն ու ամպագորգոռ հայտարարություններ անելը չի փոխում իրականությունը․ Փաշինյանը պետականության ու ազգային շահի հետ որևէ կապ չունի։