17/11/2021 18:19
Պղնձաձուլարան ունենալուց հետո կունենանք և՛ ձուլված պղինձ, և՛ դրանից բխող այլ արտադրական շղթա․ Պաշտպանության նախարար Պապիկյան
Նախկին փոխվարչապետ, այժմ արդեն՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից ԶՊՄԿ-ի բաժնեմասը ձեռք բերելուց հետո Հայաստանում նոր պղնձաձուլարան ու ատոմակայան ունենալու հեռանկարներին։
«Առաջիկայում նշմարվում է պրոցեսի ավելի երկարաժամկետ շղթա։ Հայաստանի Հանրապետությունը պիտի նախաձեռնի էներգետիկ ռեսուրսների ներգրավում, խոսքը վերաբերում է նոր ատոմակայանի կամ ատոմակայանի նոր էներգաբլոկի ստեղծմանը։ Նպատակ ունենք Հայաստանում թե՛ գործող ատոմակայանի կյանքը երկարաձգել, թե՛ նոր ատոմակայան կառուցել», - ասաց նա։
Պապիկյանը հավելեց, որ իր նշած շղթան ավելի է երկարելու, հասնելու է մինչև նոր գործարանների հիմնում։
«Այս շղթան բերելու է նրան, որ մենք պղնձաձուլարան ունենալուց հետո կունենանք արդեն և՛ ձուլված պղինձ, և՛ դրանից բխող այլ արտադրական շղթա, այլ գործարաններ», - նշեց նա՝ չմանրամասնելով սակայն, թե պղնձաձուլարանի կառուցման համար ինչ անհրաժեշտ նախադրյալներ կան։
Պապիկյանի խոսքով՝ իրականացվելիք ծրագրերը հաջողության կարող են հասնել ՀՀ կառավարության, ՌԴ կառավարության և գործարար ոլորտի համատեղ աշխատանքի արդյունքում։