18/11/2021 17:00
Գորիսից Կապան, Կապանից Ճակատեն ճանապարհը 100 տոկոսով եղել է ՀՀ տարածք․ արվել են հողհատկացումներ, որին համաձայնություն է տվել Ադրբեջանը․ Բագրատյան
«Փաշինյանի կցկտուր հայտարարությունները ընդհանուր տրամաբանության մեջ չեն շաղկապվում, բայց այն, ինչը դրանցից հասկանալի է, զգալի ստեր է պարունակում»,- հայկական ու «ադրբեջանական» տարածքների, ինչպես նաև դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին արձագանքեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Նախ, որ ասում են՝ դեմարկացիա և դելիմիտացիա, այդ դեմարկացիան և դելիմիտացիան արդեն արված է Գորիսից մինչև Իրանի սահման։ Չէ՞ որ այդ արձանագրությունը, որը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրել է Վաղարշակ Հարությունյանը, մենք արդեն ճանաչել ենք Գորիսից Կապան և Կապանից մինչև Շվանիձոր սահմանը, որտեղ Ադրբեջանը սահմանի կեսը վերցրել է մեզնից»,- նշեց Բագրատյանը:
Նա հավելեց՝ Գորիսից Կապան, Կապանից Ճակատեն ճանապարհը 100 տոկոսով եղել է Հայաստանի Հանրապետության տարածքում, Փաշինյանը, սակայն, այլ տրամաբանությամբ է առաջնորդվել։
«Այդ ճանապարհը կառուցվել է Քոչինյանի և Կարեն Դեմիրճյանի օրոք, այդ ճանապարհը կառուցելու համար արվել են հողհատկացումներ: Այդ հողհատկացումներն արվել են Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդի կողմից, որին համաձայնություն է տվել Ադրբեջանը՝ ոչ թե նրա համար, որ դա Ադրբեջանի հող է, այլ նրա համար, որ ճանապարհից ձախ սկսվում է Ադրբեջանը։ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որ ճանապարհից ձախն էլ է Ադրբեջան, աջն էլ է Ադրբեջան»,- ասաց Հրանտ Բագրատյանը։