18/11/2021 14:25
Մեր եղբայրները ոչ միայն տուն չեն գալիս, այլև նրանց գերեվարվելու հավանականությունը մեծացել է․ Փաշինյանն արդեն «մեղավոր» է կարգում նրանց․ Շարմազանով
Կառավարությունը կամ հակասական ինֆորմացիա է տալիս, կամ առհասարակ չի տալիս։ Արդեն երկու օր է անցել մարտերից, և մենք չգիտենք՝ քանի գերի ունենք, քանի նահատակված զինվոր ունենք, որովհետև պատգամավորներից մեկը մի թիվ է ասում, ՊՆ-ն մեկ այլ բան է ասում, կապիտուլյացիայի խորհրդանիշն էլ երեկ խորհրդարանում որևէ հստակ բան չասաց, անդրադառնալով պետության վարած տեղեկատվական քաղաքականության բացերին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովը իշխանության վարքագծի մեկ այլ դրսևորման վրա էլ ուշադրություն հրավիրեց․ եթե Փաշինյանը 44-օրյա պատերազմի «մեղավորներ» էր կարգել «նախկիններին», ապա հիմա «մեղավոր» են դառնում հայկական կողմից գերի ընկածները, ինչի վկայությունը երեկ խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած հայտարարությունն էր, թե պետք է հետաքննել, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել հայ զինծառայողները:
«Սա ասում է մի մարդ, որը քարոզարշավի ընթացքում կուրծք էր ծեծում, որ «խաղաղության դարաշրջան» է գալիս, ոչինչ, թող մեր եղբայրները մեկ-երկու ամիս էլ մնան, հետո տուն կգան։ Տեսեք՝ հունիսի 20-ից քանի ամիս է անցել․ մեր եղբայրները ոչ միայն տուն չեն գալիս, այլև մեր եղբայրների գերեվարվելու հավանականությունը մեծացել է։ Մենք ունենք նոր գերեվարվածներ, և կապիտուլյանտի բառապաշարում «եղբայրները» փոխարինվել են «գերիներով», այլևս եղբայրներ չկան։ Ասում է՝ պետք է հետաքննել, որ տեսնենք՝ ինչ հանգամանքներում են գերի ընկել։ Այսինքն, գերի ընկնելու մեղքն էլ է փոձում գցել այդ տղաների վրա», - ընդգծեց Շարմազանովը։