18/11/2021 11:38
Սյունիքում չկա բնակավայր, որ շրջափակման մեջ լինի. ՀՀ վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրեց տեղեկություն ներկայացնել Սյունիքում այլընտրանքյային ճանապարհների կառուցման վերաբերյալ:
Գնել Սանոսյանն էլ ասաց, թե կա յոթ ճանապարհ, որոնց մասին անընդհատ խոսում են. Մեկը Տաթև-Աղվանին է, որն ավարտված է ու արդեն երթևեկելի է:
«Մյուս վեց հատվածում հիմա ընթացքի մեջ աշխատանքներ կան, մեկը Քաշունի-Բարձրավան ճանապարհն է, որը 9,5 կիլոմետր է: Մյուսը Տանձավեր-Շուռնուխ ճանապարհն է, որը 13 կմ է, մի մասն ամբողջովին նոր է կառուցվում: Որոտան-Խոտք ճանապարհի 10 կմ-ից 5 կմ-ն պատրաստ է, երկու ճանապարհահատված ունենք՝ Կապան-Ճակատեն ու Կապան- Գեղանուշ-Ճակատեն, որոշակի թեքություններ կան, ճանապարհն անցանելի կլինի», - ասաց նախարարը:
Նա նշեց, որ կկառուցեն Կապան-Ճակատեն նոր ճանապարհը, որն ավելի հեշտ ու մատչելի կլինի:
«Շարունակվում է Տաթև-Լծեն 19,9 կմ ճանապարհների աշխատանքները», - ասաց Սանոսյանը:
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, թե այդ բոլոր ուղղություններով պետք է օր առաջ ունենալ գրունտային վիճակ, որը երթևեկելի կլինի բոլոր տիպի մեքենաների համար բոլոր եղանակներին:
Նա նշեց, թե ևս մեկ-երկու լրացուցիչ ճանապարհ կառուցելու ծրագիր ունեն, որը հիմա կսկսեն իրագործել:
«Չկա բնակավայր, որտեղ կենսապահովման խնդիր կա կամ, ընդհանրապես, կտրված լինի, շրջափակման մեջ լինի», - վստահեցրեց վարչապետը:
Սանոսյանն էլ ասաց, թե և Որոտանը, և Շուռնուխը, և Բարձրավանը ճանապարհներ ունեն, գլխավոր դժվարությունը Ճակատենից հարավ ընկած գյուղերի հետ է կապված, որը առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում ավելի մատչելի կդառնա: