18/11/2021 17:32
Կապ չունի՝ ինչ պայմաններում է մարդը հայտնվել գերության մեջ, նրան պետք է վերադարձնել նորմերով, որոնք ամրագրված են Միջազգային Հումանիտար իրավունքի Երրորդ կոնվենցիայում․ Ալավերդյան
«Նման ձևակերպումները իրավական տեսանկյունից անգրագիտության ծայրահեղ դրսևորում են, իսկ քաղաքական տեսանկյունից` արհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ և ստրկական ծառայություն թուրք-ադրբեջանական կողմին»,- 168․am-ի հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ արձագանքելով երեկ խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե պետք է հետաքննել՝ ինչ հանգամանքներում են գերեվարվել հայ զինծառայողները․ «զինվորական կանոնագրերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»։
«Անկախ անձից՝ դա խորը անգրագիտություն է և միջազգային մարդասիրական նորմերի բացարձակ չիմացություն. կապ չունի, թե ինչ պայմաններում և ինչպես է մարդը հայտնվել գերության մեջ, նրան պետք է վերաբերվել և վերադարձնել բոլոր այն նորմերով, որոնք բերված են Միջազգային Հումանիտար իրավունքի Երրորդ կոնվենցիայի մեջ»,- ընդգծել է Ալավերդյանը։
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը հղում է արել Զինվորական կանոնագրքերին՝ Լարիսա Ալավերդյանն արձագանքել է․ «Որևէ այլ գիրք կամ կանոնակարգ չի կարող վեր լինել միջազգային պարտավորություններից, որոնք ստանձնվել են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կողմից՝ Միջազգային Մարդասիրական իրավունքի չորս կոնվենցիայով և նրանց օժանդակ արձանագրություններով»: