18/11/2021 14:34
Շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում ենք արել համայնքներում. Նիկոլ Փաշինյան
Կառավարության որոշմամբ ՀՀ համայնքներին պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզպետարաններին կհատկացվի 462,256.1 հազար դրամ:
Ըստ հիմնավորման, 2020 թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 700 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2021-ին՝ 678 ծրագիր:
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը տրամադրվելու է 4 համայնքների 4 ծրագրերի իրականացման համար: «Մասնավորապես, Շիրակի մարզի ծրագրի իրականացման համար նախատեսվում է 441 մլն դրամ: 882 մլն դրամ արժողությամբ այս ծրագիրը վերաբերում է Գյումրի քաղաքին: Ըստ այդմ՝ ձեռք է բերվելու 63 միկրոավտոբուս ներքաղաքային ամբողջ պարկը թարմացնելու նպատակով: Միկորավտոբուսների մի մասը հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար»,-ասել է նախարարը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է սուբվենցիոն ծրագրերի իրականացումը և հիշեցրել, որ 2021 թվականին շուրջ 47 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվում համայնքների հետ համատեղ:
«2018 թվականից ի վեր շուրջ 80 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացրել: Շատ կարևոր է արձանագրել, որ բացի համայնքների հետ համատեղ, կառավարությունը նաև ուղիղ ներդրումներ է արել համայնքներում, համայնքային ծրագրեր է իրականացրել: Մենք ամփոփել ենք տվյալները՝ 2018 թվականից ի վեր միայն ուղիղ ծրագրերով համայնքներին տրվել է շուրջ 86 միլիարդ դրամ: Օրինակ, հիմա շատ քաղաքներում վերակառուցվում, նորոգվում են դպրոցներ՝ սուբվենցիոն ծրագրերից դուրս: Սա շատ կարևոր է և, ըստ էության ստացվում է, որ 2018 թվականից ի վեր սուբվենցիաներով և ուղիղ ներդրումներով շուրջ 400 միլիոն դոլարի ներդրում ենք արել համայնքներում: Բյուջեի նախագծով մենք արձանագրել ենք, որ այդ ներդրումների ծավալներն էլ պիտի էականորեն մեծանան: Սա շատ կարևոր արձանագրում է. մենք ծրագրեր ենք իրականացրել ճանապարհաշինության, դպրոցաշինության, կրթության ոլորտներում, իրականացրել ենք ջրային ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման ամենատարբեր ծրագրեր», - ասել է կառավարության ղեկավարը: