19/11/2021 20:19
Չեղարկվել են Երևան-Կապան թռիչքները. ավիափոխադրողը հետ է վերցրել հայտը
«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից:
Կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել իրենց՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ:
Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20–ը L410 տիպի օդանավով:
«Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Կոմիտեից տեղեկացրել են նաև, որ կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի հրամանով Կապանի «Սյունիք» օդանավակայանին տրվել է «աերոդրոմի սերտիֆիկատ», ինչը միջազգային չափանիշներին համապատասխան վկայում է օդանավակայանի՝ շահագործման պատրաստ լինելու մասին:
Նշենք, որ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: