19/11/2021 13:19
Բանակը կազմաքանդելուց հետո «անմարտունակության» մասին խոսելը բարոյական չէ․ Կամո Աթայան
«Եթե ուզում ես ուրիշի բանակը չկերակրել, ապա քոնը հզորացրու»: Այս միտքը շատ հայտնի ճշմարտության ձևափոխված տարբերակն է: Շուրջ 30-ամյա հայկական բանակը ստեղծվեց դեռևս ԽՍՀՄ-ում սկիզբ առած հայ ազգային ազատագրական պայքարի, ֆիդայական ջոկատներով կենաց - մահու կռիվների, հաղթանակների և անհաջողությունների բովում, երբ հայի ազատագրական ոգին դույզն իսկ չերկնչեց…
Դա այն բանակն էր, որի շնորհիվ հայը, վերջին հարյուրամյակներում առաջին անգամ, բարոյականից անցում կատարեց իրական հաղթանակների, ինչի շնորհիվ ծնվեց նաև հայկական երկրորդ պետականությունը` Արցախի հանրապետությունը, և հզորացվեցին Հայաստանի Հանրապետության և թուրքադրբեջանական շփման բոլոր սահմանները: Մոտ 25 տարի, չնայած բազում դժվարություններին, հայկական բանակն անմատչելի էր պահում արցախաադրբեջանական՝ մեզ համար շահեկան և պարագծով բավականին կարճ սահմանը, որը խորը թիկունքում էր թողնում այսօրվա մոտ 600-700 կմ հայ-ադրբեջանական շիկացած շփման գիծ՝ սահմանը…
Այո, բանակը հասարակության յուրահատուկ արտապատկերումն ու արտացոլումն է, և այդպիսին էր միշտ։ Այդպիսին եղավ հասարակությանը «սևերի» ու «սպիտակների», յուրայինների և թշնամիների բաժանելու պառակտիչ շրջանում: Չնայած բանակն ունի իր ներքին կարգն ու կարգապահությունը, այնուհանդերձ, մեծ իմաստով, այնտեղ արտացոլված է հայկական յուրաքանչյուր ընտանիք` ի դեմս ծառայության ուղարկած որդու, եղբոր, թոռան պահվածքի, նրա դրսևորած վարքի և կարգապահության…
Այն աբսուրդային վիճակը, որը վերջին մի քանի տարում առկա է մեր հասարակության մոտ, թափանցել է նաև բանակ, որը թեպետ ինչ- որ տեղ փակ համակարգ է, այնուհանդերձ, որոշակիորեն զգում է քաղաքական անցուդարձի ազդեցությունները…
Երբ 2018-ին տեղի ունեցավ հայտնի իրադարձությունը, և քաղաքական ակցիայի մասնակիցներ դարձան նաև բանակի զինվորներ, դրանով իսկ սկզբնավորվեցին ու դրվեցին մոտեցող պարտության հիմքերը, իսկ դա շատ արագ ու ժամանակին կարելի էր արմատախիլ անել` ընդամենը ցանկության դեպքում…
Բայց իրողությունները բոլորովին այլ էին: Ինչպե՞ս կարելի էր ընդամենը 3-4 տարվա ընթացքում մի քանի պաշտպանության նախարար ու ԳՇ պետ փոխել, չհաշված՝ կորպուսների, գնդերի, պաշտպանական շրջանների հրամանատարների անհիմն ու անհարկի փոփոխությունները, և բանակից մարտունակություն և սխրագործություններ սպասել…
Անկախությանը հաջորդած տասնամյակներին հայ ժողովրդի մեծամասնության կյանքը հեշտ ու խաղաղ չի անցել: Մենք տեսել ենք և՛ անարդարություն, և՛ կոռուպցիա, և՛ «թայֆայականություն», և՛ քաղաքական սպեկուլյացիա ու նեգատիվ շատ ու շատ այլ երևույթներ: Բայց այդ ամենի մասին ոչ միայն ցավով նշել և ատամները կռճտացնելով՝ հաղթահարել ենք, այլև դրանք առ ոչինչ էին՝ հայի խրոխտ արժանապատվության, հայրենիքի զգացողության, այն զարգացնելու և զորացնելու ցանկության կողքին…
Այդ ամենը դատարկախոսությամբ, էժան պոպուլիզմով, անկարողությամբ, տգիտությամբ, զազրախոսությամբ ընդամենը 3 տարում ոտնատակ տվինք, կազմաքանդեցինք բոլոր պետական, հասարակական ինստիտուտները` կորցնելով նաև բանակի ամենահզոր զենքը` մարտնչելու և հաղթելու ոգին, նաև վերջին շրջանի պատմության մեր իրական ձեռքբերումները․․․
Եվ այդքանից հետո, ինչպես ժողովուրդն է ասում` գետինը մտնելու փոխարեն կանգնել և խոսում ես անմարտունակ, չկռվող բանակից ու գերիների մեծ թվից…