19/11/2021 12:05
Ռուսաստանն է հրադադարի պահպանման ռեժիմի երաշխավորը, հետևաբար, Ռուսաստանն անելիք ունի. Անդրանիկ Քոչարյան (Տեսանյութ)
Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ ստանալու աջակցություն, որպեսզի, առաջին հերթին, վերականգնվի ՀՀ տարածքային ամբողջականությունը, Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Եվ հենց այս կոնտեքստում է պետք դիտարկել ՌԴ-ի առաջարկը։ Դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի արդյունքում ակնկալվում է, որ այդ խնդիրը կլուծվի և ՀՀ տարածքային ամբողջականությունը կվերականգնվի: Հետևաբար, ինքնանպատակ չէ Ռուսաստանի ռազմական միջամտությունը, կարևորագույն խնդիր է այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի անձեռնմխելիության ապահովումը. դեմարկացիան, դելիմիտացիան այն գործիքներից են, որոնք կապահովեն այդ արդյունքը», - նշեց պատգամավորը:
ԱԺ Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, թե իրենք պահանջ չեն ներկայացնում Ռուսաստանին, պարզապես ցանկանում են, որպեսզի պայմանագրի բոլոր կետերը ճիշտ ժամանակին իրականություն դառնան:
«Ռուսաստանը հրադադարի պահպանման ռեժիմի երաշխավորն է, որի համար պետք է մեկտեղենք ջանքերը, հետևաբար, Ռուսաստանն անելիք ունի», - նշեց Քոչարյանը։
Նա վստահեցրեց՝ մեր բանակը չի թողել, որ հակառակորդը տարածքային նոր ձեռքբերումներ ունենա։