20/11/2021 16:06
Սյունիքից չվերթներ իրականացնող ավիափոխադրողը չի կարող ունենալ անվտանգային որևէ երաշխիք․ Վահե Հակոբյան
«Սյունիքի օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիափոխադրողը չի կարող ունենալ անվտանգային որևէ երաշխիք» News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Երևան-Կապան-Երևան թռիչքները չեղարկելու, ավիափոխադրողի կողմից հայտը հետ վերցնելու փաստին։
«Սթափ մտածելակերպ է ունեցել ավիափոխադրողը, որ հետ է վերցրել իր հայտը, հակառակ դեպքում ինչպե՞ս էր պատկերացնում չվերթները․ 110 մետր հեռավորության վրա ադրբեջանական ուղեկալներ են տեղաբաշխված, իսկ ինքաթիռն այդ պայմաններում թռիչք է կատարում․․․ Նրանք հանգիստ կարող են խոցել ինքնաթիռը։ Ու պարտադիր չէ, որ ունենան հրահանգ։ Մի որևէ հարբած ադրբեջանցի կարող է կրակ արձակել։ Ո՞վ է պատասխան տալու՝ իհարկե, ավիափոխադրողը»,- նշել է նա։
Հակոբյանի խոսքով՝ անվտանգության երաշխավորը պետք է լինի պետությունը։
«Մենք գուցե մոռացել ենք, բայց ունենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Սա արդեն իրենց և կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունն անգամ իր սեփական երաշխիքները չի կարող տալ, ինչի՞ մասին է խոսքը»,- ընգծել է Վահե Հակոբյանը։
Նշենք, որ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և Սյունիքի ռազմավարական բարձունքներից հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են Կապանի օդանավակայանի թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա: