20/11/2021 11:25
Պետք է պատրաստվել ոչ թե մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի բախման. Վարդան Ոսկանյան
«Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Տարիներ շարունակ մեզ փորձում են համոզել, որ թշնամու հետ հնարավոր է խաղաղ գոյակցություն պայմանականորեն շատ պարզեցված հետևյալ բանաձևով՝ «զիջենք սա, և կգա խաղաղությունը»։
Իրականում դա թշնամուն ինչպես հարկն է չճանաչելու հետևանքով ի հայտ եկած մոլորություն է՝ Առաջավոր Ասիայում գոյություն չունեցող հարմարավետության գոտում տեղավորվելու պատրանք, որի սին լինելը մենք հիմա տեսնում ենք գրեթե ամեն օր։
Ցավոք, հսկայական կորուստներից հետո էլ մենք որպես ազգ և պետություն չենք ուզում ըմբռնել, որ նման հարմարավետության գոտի այն տարածաշրջանում, որտեղ մեր նախնյաց և մեր սրբազան հողն է, երբեք երկարաժամկետ կտրվածքով չի եղել, չկա այժմ և տեսանելի ապագայում էլ չի լինելու։
Ուստի պետք է պատրաստվել ոչ թե ինչ-որ մեռելածին «խաղաղության դարաշրջանի», այլ թշնամու հետ անխուսափելի հաջորդ բախմանը, իսկ դրան պատրաստ լինելու և հաջողության հասնելու համար առաջին քայլը պետք է լինի հենց այդ բախման անխուսափելիության գիտակցումը,, այլ ոչ թե «զիջենք սա, և կգա խաղաղությունը» անիրական ու կործանարար մտայնությունը»։