20/11/2021 09:50
«Փաստ». Ռուսաստանին իր հավատարմությունը ապացուցելու համար Փաշինյանը «կմեկուսացնի» Անդրանիկ Քոչարյանին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ծավալված ռազմական գործողությունների ֆոնին շատ ուշագրավ իրադարձություններ էին ընթանում ՀՀ ԱԺ-ում: Ինչպես արդեն նախորդ համարում առիթ ունեցել ենք նշելու, ընդդիմության բոյկոտի պայմաններում ՔՊ-ականները ծավալում էին աննախադեպ հակառուսական հիստերիա՝ իրար հերթ չտալով մեղադրելով Ռուսաստանին հայերին դավաճանելու մեջ:
Դժվար է պատկերացնել, որ ՔՊ-ականները կհամարձակվեին Ռուսաստանի դեմ նման դեմարշ իրականացնել առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության, սակայն դա՝ միայն առաջին հայացքից: Իրականում, «Փաստի» աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ-ում արդեն վաղուց արշալույսները խաղաղ չեն, կուսակցությունը բաժանվել է խմբերի, և սուր հակամարտություն է սկսվել նրանց միջև: Արևմտյան կողմնորոշում ունեցող և տարիներ շարունակ արևմուտքից սնվող ՔՊ-ականները պնդում են, որ Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքական կուրսը և նախաձեռնի ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց, մինչդեռ Փաշինյանին հավատարիմ պատգամավորները, որոնք կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրացմանը, արգելափակում են մյուս խմբի նկրտումները:
Փաստացի, վերջին իրադարձությունները վերացրեցին «արևմտամետներին» խանգարող հանգամանքները, և նրանք անցան լայնամասշտաբ հարձակման: Մեր ունեցած տեղեկություններով, Ռուսաստանում ուշադիր հետևում են այս գործընթացին և որպես հակառուսական արշավի համակարգող դիտարկում են Անդրանիկ Քոչարյանին:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Ռուսաստանին իր հավատարմությունը ապացուցելու համար Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի «մեկուսացնել» Անդրանիկ Քոչարյանին, ընդ որում՝ ոչ միայն ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից, այլև առհասարակ քաղաքական գործընթացներից»։