20/11/2021 14:07
Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել. ԱԳ նախարար
Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն, որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն, ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ ջանքեր է պատրաստ գործադրել Հայաստանը, նախարարը պատասխանել է.
«Երկու կողմերի հռետորաբանությունը մեծապես տարբերվում է։ Հայաստանը խոսում է հաղորդակցության բոլոր ուղիների բացման, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, «միջանցքի» մասին (Նախիջևանի հետ, որը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, խմբ.)։ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստ է փոխանցել իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանում տեղակայված ականների բոլոր քարտեզները, սակայն Ադրբեջանը, պարտավորություն ունենալով հանդերձ, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին։
Այն ժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները։ Դրանց մասին են վկայում Ադրբեջանի նախագահի ելույթները, Բաքվում այս տարվա գարնանը բացված «Ռազմավարների պուրակը», որտեղ հայերը ներկայացված են նսեմացված և ծաղրի ենթարկված»։
Մյուս հարցին, թե մինչև ու՞ր կարող է տանել ատելության այս քարոզը, Արարատ Միրզոյանն արձագանքել է.
«Այս բարդ հարցի պատասխանը գտնվում է Բաքվում։ Ատելությունը կարող է հանգեցնել բնաջնջման և ցեղասպանության։ Հայ ժողովուրդը գիտի դա։
Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր որևիցե հայ չի ապրում, ինչն էթնիկ զտման փաստացի ապացույց է»