21/11/2021 13:52
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Եվրոպական խորհուրդը հայտարարություն էր տարածել, համաձայն որի Շառլ Միշելը պայմանավորվածություն է ձեռք բերել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։