22/11/2021 15:51
Հայաստանը հետաքրքրված է ռուսական Ка-52М և Ми-28НЭ հարվածային ուղղաթիռներով․ Անդրեյ Բոգինսկի
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական հարվածային Ка-52М և Ми-28НЭ ուղղաթիռների նկատմամբ, ՏԱՍՍ գործակալությանն ասել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։
Նա մանրամասնել է, որ նոյեմբերի 14-18-ը Դուբայում անցկացված «Dubai Airshow 2021» միջազգային ցուցահանդեսի ժամանակ արտասահմանյան պատվիրատուները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ռուսական նորագույն հարվածային Ка-52М և Ми-28НЭ ուղղաթիռների նկատմամբ։ Ցուցահանդեսին պատվիրակություններ են եղել Հայաստանից, Ղազախստանից, Մալազիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից։
Ми-28НЭ ուղղաթիռը նախատեսված է օդում թիրախների, ինչպես նաև տանկերի և զրահապատ տեխնիկայի ոչնչացման համար։ Այն կարող է գործածվել նաև հետախուզության կամ պարեկության համար։ Ка-52М ուղղաթիռը Ка-52 «Ալիգատորի» նորացված տարբերակն է՝ թիրախի խոցելիության կատարելագործված տեխնոլոգիայով։