22/11/2021 11:37
Արման Թաթոյանն արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում. քաղաքագետը հետևում է ՄԻՊ-ի՝ ԱՄՆ այցին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ԱՄՆ-ում է։ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը հետևել է Թաթոյանի այցին ու վերլուծություն հրապարակել։
Նա նշել է, թե Արևմտյան ափում Թաթոյանի պատվին մեծ միջոցառում է կազմակերպվել Հայ Դատի գրասենյակի կողմից:
«Թաթոյանն այցի ընթացքում հանդիպումներ է ունենում համայնքի ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների, ակադեմիական շրջանակների, նահանգային և ֆեդերալ պաշտոնյաների հետ: ՄԻՊ Թաթոյանը ոչ միայն Հայաստանի ամենից ակտիվ և արդյունավետ պետական պաշտոնյան է, այլև արտաքին ֆրոնտում է հիանալի աշխատում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սարգսյանը։
Ըստ քաղաքագետի՝ ի տարբերություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի, Թաթոյանը չի խորշում հանդիպել Քալիֆորնիայի հայ համայնքի ակտիվի հետ, չի կիրառում ֆլիլտրեր՝ հանդիպման մասնակիցների նկատմամբ:
«Այս առումով Թաթոյանը իրականացնում է համ ՄԻՊ-ի, համ սփյուռքի և ԱԳ նախարարի, համ էլ բացակա դեսպանի ֆունկցիաներ:
Թաթոյանը ամերիկացիներին և ամերիկահայերին ներկայացնում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ինչը, կարծես, Հայաստանի հանրային դիվանագիտության առաջնահերթություն չի համարվում:
Ցավալի է, որ նման կարևոր այցի կազմակերպման և լուսաբանմանման հարցում ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը որևէ կերպ չի աջակցել», - նշել է Սարգսյանը։