23/11/2021 20:29
«Հայաստանը չի խուսափել ու չի խուսափում Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից». Փաշինյանը Պապիկյանին հանձնարարել է ակտիվ շփվի Ադրբեջանի գործընկերոջ հետ (Տեսանյութ)
Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտական ու արտաքին քաղաքականության քննարկման կարևոր առարկաներից մեկը պետք է լինի, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պիտի ասեմ, որ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ ու կարծում եմ, որ այս թեման այլևս պետք է լինի միջազգային հանրության քննարկման կիզակետում», - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը պատերազմից հետո փորձ է անում կիրառել «պատերազմում հաղթողի» իրավունքը:
«Մենք շատ համբերատար փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը հանդարտվի, բայց, ի վերջո, կարծում եմ, որ միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա ու միջազգային հանրությունը պետք է չափերին հետևի, հակառակ դեքպում, միջազգային հարաբերությունների քայքայման գործընթաց է տեղի ունենում», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցաբերում:
«Ի՞նչ է նշանակում «Զանգեզուրի միջանց», «Արևելյան Զանգեզուր», այդ ովքե՞ր են այդ տերմինները հորինում ու ի՞նչ է դա նշանակում. մենք նախկինում հայտարարել ենք ու հիմա էլ հայտարարում ենք, որ միջանցքային տրամաբանության հարց չենք քննարկել, չենք քննարկում ու չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ որևէ կերպ մենք հրաժարվում ենք տարածաշրջանային կոմունիկացիների բացման օրակագրից, ես չեմ կարող թաքցնել ու ուղիղ պիտի ասեմ՝ Հայաստանն է ավելի շահագրգիռ, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն», - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին՝ պատերազմի վտանգ կա՞, Փաշինյանը պատասխանեց. «Կա Ադրբեջանի ագրեսիվ պահվածք, որը պետք է զսպվի, այդ թվում, միջազգային լծակներով»:
Նա ասաց, թե Հայաստանը չի խուսափել ու չի խուսափում Ադրբեջանի հետ ուղիղ շփումներից:
Փաշինյանի խոսքով՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հանձնարարել է ակտիվորեն օգտագործի Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հետ կոմունիկացիան ու Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի Պաշտպանության նախարարի հետ ՝ առաջարկելով, որ նույնն անի Ադրբեջանը: