23/11/2021 14:47
«Օդում կախված լուրերի» համաձայն՝ խրախուսումներ տրամադրվում են նաև կոնկրետ բուքմեյքերական ընկերություններում «հաղթանակներ» գրանցելով․ Աննա Մկրտչյան
«ՀՀ-ում արդարադատություն կոչվածը հիմնված է բացառապես հրահանգավորումների և ուղղորդումների վրա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ վերլուծելով իրավական ու դատական համակարգում տիրող իրավիճակը։
Պատգամավորի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հրահանգավորում իրավապահ ու դատական համակարգին՝ իրականացնելու ի՛ր ցանկացած «արդարադատությունը», իսկ հարմար պահի հայտնվում են նաև հայտնի «սիլվաները»։
«Անփոխարիների և բազմաֆունկցիոնալ «սիլվաները» միշտ հայտնվում են այն պահին, երբ անհրաժեշտություն կա պայքարել մարդկանց դեմ, ովքեր ունեն հայրենիք, մարդկանց դեմ, ովքեր կարող են ցույց տալ դիմադրություն, նույնիսկ այն փշրանքներից, որոնք թողել է Նիկոլ Փաշինյանը՝ հայկական երկու պետականությունների ավիրումից հետո, էլի հաղթանակած պետություն կերտել»,- ընդգծեց Մկրտչյանը։
Նա անդրադարձավ նաև մամուլի հրապարակումներին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած Հակակոռուպցիոն կոմիտեի երրորդ վարչության պետ Հրաչյա Մուշեղյանի և նրա ընտանիքի անդամների ունեցվածքի և հայտարարագրի վերաբերյալ։
Ըստ հրապարակումների՝ Մուշեղյանի հայտարարագրած 6 հողամասից ու դրամական լուրջ միջոցներից բացի, նրա ընտանիքի անդամը հայտարարագրել է նաև խաղատներում և շահումներով խաղերում ստացված եկամուտ, որը, ենթադրաբար, բուքմեյքերական ընկերության միջոցով է ստացվել։
«Նիկոլ Փաշինյանի սիրած արտահայտություն՝ օդում կախված լուրերի համաձայն, կաշառքն ու խրախուսումները տրամադրվում են ոչ միայն պարգևավճարների տեսքով, այլ նաև կոնկրետ բուքմեյքերական ընկերություններ այցելելով, այնտեղ «հաղթանակներ» ձևակերպելով և այդ «հաղթանակներում» միգուցե իրենց մատուցած ծառայությունների համար գումարները վերցնելով»,- այս առնչությամբ ասաց Աննա Մկրտչյանը։
Նա ավելացրեց՝ եթե իշխանությունը ընտրատեղամասի մոտ գտնվող ՔՊ-ականի ձեռքի տրցակով գումարը կարողանում է ներկայացնել որպես օգնություն կամ ուտելիք գնելու համար տրված գումար, նրան ոչինչ չի խանգարում՝ բուքմեյքերական ընկերությունների միջոցով ՝ բուքմեյքերական ընկերությունների միջոցով ենթադրաբար խրախուսել կոնկրետ անձանց՝ կոնկրետ գործերով մեղադրական եզարակացությունների համար։
«Մնում է միայն հույս հայտնել, որ իշխանազավթներին իշխանությունից վռնդելուց հետո նրանց քրեական գործերում կավելանա ևս մի հատոր, որը մանրամասնորեն կքննի բուքմեյքերական ընկերություններ պաշտոնյաների և նրանց փոխկապակցված անձանց այցերը, «հաղթանակները», ներգրավվածությունը որոշակի գործընթացների, ինչը կունենա իր արդար դատաքննությունը»,- ասաց պատգամավորը։