23/11/2021 16:27
Ադրբեջանին ու Թուրքիային դեմարկացիան ու դելիմիտացիան ձեռնտու չէ, նրանք ցանկանում են տիրանալ ամբողջ Սյունիքին․ Խոսրով Հարությունյան
«Մայիսի 12-ից սկսած՝ ունենք ակնհայտ սողացող օկուպացիա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՔԴՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։ Պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում, նրա կարծիքով, մենք կրկին և ավելի շատ ենք մոտեցել պատերազմին՝ այս ընթացքում ունենալով տարածքային նոր կորուստներ։
«Ասում են՝ 41 քառակուսի կմ, ես ասում եմ՝ 4 100 հեկտար: Կարդում եմ իշխանական հաղորդագրությունը, թե ասֆալտապատել են 42 000 քմ տարածք: Խոսքն ընդամենը 7 կմ ճանապարհի մասին է: Այսինքն, երբ պետք է չարածը մեծ խոսքերով ներկայացնել, դա կարող է լինել 42 000 քմ, իսկ երբ կորուստ է, ապա «ընդամենը» 41 քառ. կմ: Ողբերգությունն այն է, որ օրվա իշխանությունների պատճառով ունենք լուրջ սպառալիքներ մեր պետության, տարածքային ամբողջականության և պետականության նկատմամբ»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նա շեշտեց՝ մեկ տարվա ընթացքում ռազմավարական բարձունքները նույնիսկ չեն էլ փորձել ամրացնել, կահավորվել, ավելին, Փաշինյանը հրապարակավ հայտարարել է՝ «բարձր սարի գլխին, տարին 12 ամիս ձյուն է, բարձունքն ինչների՞ս է պետք»։
«Սև լիճը տվեցին, հիմա եկել է Իշխանասարը տալու ժամանակը։ Մեծ Իշխանասարը տալու ժամանակն է եկել, հիմա կռիվը դրա համար է գնում, բոլորս էլ դա շատ լավ հասկանում ենք, որովհետև եթե ունես Մեծ Իշխանասարը՝ Սյունիքի արևելյան հատվածում, ուրեմն ունես ամբողջ Երևան-Գորիս հատվածը: Հետևաբար, առաջին հարցը, որի պատասխանը հանրությունն իրավունք ունի պահանջել նրանից, և Փաշինյանը պարտավոր է պատասխանել՝ ինչու՞ է դեկտեմբերին զորքերը հետ քաշելու ուղղակի հրամանը տվել»,- նշեց Խոսրով Հարությունյանը։
Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ կետ, նույնիսկ ակնարկ՝ իշխանությունների կողմից այսօր ազդարարվող սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ, չկար: Դեկտեմբերին, միանձնյա հրամայելով զորքերը հետ քաշել Սյունիքի ռազմավարական կարևորության բարձունքներից, Փաշինյանը պարզապես նպաստել է ոչ միայն տարածքային նոր կորուստներին, այլև սահմանազատմանը։ Եթե մեր դիրքերը չզիջեինք, ապա այդ պրոցեսի կարիքը չէր լինի, ուստի, ըստ Խոսրով Հարությունյանի, տրամաբանական հարց է առաջանում, թե ո՞ւմ էր ձեռնտու դելիմիտացիան և դեմարկացիան: Ալիևին, ինչպես նաև Թուրքիային, նրա խոսքով, դա ձեռնտու չէ, քանի որ նրանք տարածքային ավելի մեծ հավակնություններ ունեն Հայաստանի նկատմամբ․ ցանկանում են տիրանալ ամբողջ Սյունիքին, և «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ նկատի ունեն ամբողջ Սյունիքը։
«Ալիևը երբեք չի ասի՝ ես դեմ եմ դեմարկացիային, դելիմիտացիային։ Կսկսվի պրոցես, որն այնքան կձգձգվի, որի ընթացքում նա նոր հնարավոր բաներ կվերցնի։ Եվ ուշադրություն դարձրեք, որ Ալիևը վերցնում է այն ռազմավարական բարձունքները, որոնք վաղը ամբողջ Սյունիքը սպառնալիքի տակ պահելու համար ուղղակի գտած բան են։ Նա կարող է սկսել դեմարկացիայի, դելիմիտացիայի պրոցեսը, դա տարիներ է տևելու, բայց այդ ընթացքում անընդհատ այս խնդիրը մնալու է։ Երբ ասում եմ՝ սողացող օկուպացիա, հենց սա նկատի ունեմ։ Այսինքն մենք, հետ քաշելով մեր ուժերը, համոզված եմ՝ գիտակցված նպաստեցինք այս զարգացումներին։ Հայաստանն այժմ հայտնվել է իր տարածքային ամբողջականության, իր սուվերեն պետականության կորստի ակնհայտ սպառնալիքի տակ»,- ասաց Խոսրով Հարությունյանը։