23/11/2021 10:50
Հայաստանում համերգով ելույթ կունենա կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի շրջանակում Հայաստանում համերգով ելույթ կունենա կանադահայ դիրիժոր Նուրհան Արմանը։ Նոյեմբերի 27, ժամը 19:00, դիրիժորը հանդես կգա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հետ։
Որպես մենակատար՝ երեկոյին հանդես կգա դաշնակահար Սոնա Բարսեղյանը։ Համերգային ծրագրում Պրոկոֆևի, Բախի, Դվորժակի, Բարտոկի ստեղծագործություններն են։
Նուրհան Արմանը ծնվել է Ստամբուլում, 13 տարեկանում հանդես է եկել առաջին մենահամերգով։ Արժանանալով Դիսնեյի հիմնադրամի կրթաթոշակի՝ տեղափոխվել է ԱՄՆ։
Sinfonia Toronto-ի երաժշտական ղեկավարն է․ հենց մաեստրոն է 1998 թվականին հիմնադրել այդ նվագախումբը։ Վերջինս այսօր Կանադայի լավագույն կամերային նվագախմբերից մեկն է։
Նուրհան Արմանը համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլ երկրներում՝ ղեկավարելով այնպիսի առաջատար երաժշտախմբեր, ինչպիսիք են Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Իտալիայի ֆիլհարմոնիկ, Հռոմի սիմֆոնիկ, Հունգարիայի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբեր։
Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հայահավաք» նախագծի ընթացքում Հայաստանում ելույթ են ունենում հայազգի մշակութային գործիչներ, ովքեր նախկինում ինչ-ինչ պատճառներով դեռ ելույթ չեն ունեցել կամ ակտիվ ստեղծագործական գործունեություն չեն ծավալել հայրենիքում։ Գործնականում հայազգի արտիստներին ներկայացնելով ու իրենց ձայնն ավելի լսելի դարձնելով` ԿԵԱԿ-ը նպատակ ունի նոր թափ հաղորդել Հայաստանում մշակութային կյանքի զարգացմանն ու Հայաստան-Սփյուռք մշակութային կապի ամրապնդմանը։
Նախագծի շրջանակներում Երևանում ավելի վաղ համերգով է ներկայացել սիրիահայ դիրիժոր Միսաք Պաղպուտարյանը։ Դեկտեմբերին նախատեսվում է ևս մեկ համերգ, որի ընթացքում կներկայանա շվեյցարահայ դիրիժոր Լյուք Բաղդասարյանը։