24/11/2021 14:42
Թուրքական լիրան դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը. Թուրքիայում պահանջում են կառավարության հրաժարականը
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի նկատմամբ։
Նոյեմբերի 23-ին 1 դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը հասել է 13․42-ի։
Լիրան արժեզրկման ռեկորդ է գրանցել նաև եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Արտարժույթի շուկայում գործարքները կատարվում են 1 եվրո/15 լիրա փոխարժեքով։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է՝ հասնելով 18-ի։
Թուրքական լիրան նախօրեին դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։ Արժեզրկման հերթական ռեկորդները գրանցվել են տնտեսության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարություններից հետո։
Լիրայի արժեզրկման ֆոնին տարերային ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում և մայրաքաղաք Անկարայում։
Ինչպես հայտնում է Halk TV-ն, ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հեռացումն իշխանությունից։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցրել է ցուցարարներին։