24/11/2021 19:30
Նորավանից ճանապարհը շարունակվելու է մինչև Նախիջևանի սահման՝ Բիչենեկի լեռնանցք․ դրանից այն կողմ մաքսակետ է կառուցվել․ ինչպե՞ս չմտածել, որ սա պայմանավորվածություն չէ․ Օհանյան
«Ադրբեջանը, հարկադրանքի և պարտադրանքի մեթոդը կիրառելով, այսօր հայտնվել է ՀՀ սահմաններում և անընդհատ տարբեր մասեր պոկելով, փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա, իր հռետորաբանությամբ, գործողություններով բացահայտ չի ցանկանում հարցի լուծման գնալ, իսկ սահմանազատման ու սահմանագծման գործընթացն իր մեջ պարունակում է խաղաղ պայմանավորվածություն երկրների միջև։ Այս ամենը մենք չենք տեսնում Ադրբեջանի կողմից, և այդ պայմաններում Ադրբեջանի հետ նման գործընթացի գնալն անընդունելի է։ ՀՀ չունի որևիցե իրավապայմանագրային պարտավորվածություն և փաստաթուղթ՝ առանց նախապայմանների գնալու այդ գործընթացին»,- 24news.am-ի հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ որպեսզի Ադրբեջանը մեզ հետ պարտադրանքի լեզվով չխոսեր, պատերազմի ավարտից հետո, երբ զորքերն իրենց զբաղեցրած տեղերում էին, անհրաժեշտ էր ձեռնամուխ լինել պաշտպանության իրականացմանը, ձևավորել պաշտպանական համակարգ՝ ինժեներական համապատասխան կառույցներով։
«Այս իշխանությունները չեն գիտակցում մեր գերակա խնդիրը, չեն գիտակցում մեր առաջնահերթությունները։ Մեր առաջնահերթությունն այսօր անվտանգության համակարգն է և սահմանները։ Դրա փոխարեն նրանք երկրի ներսում ասֆալտ են փռում, ճանապարհներ են գցում։ Պետք է նշեմ նաև, որ վերջին մարտական գործողությունները, որոնք ադրբեջանցիները սադրեցին Սյունյաց բարձրավանդակի հատվածում, այդ ուղղությամբ, չգիտես ինչպես և ինչու, հիմնական մայրուղուց լավ կառուցված ճանապարհներ են գնում դեպի Նորավան գյուղը, այդտեղից էլ ճանապարհը շարունակվելու է մինչև Նախիջևանի սահման, Բիչենեկ լեռնանցք, իսկ Բիչենեկ լեռնանցքից այն կողմ արդեն երկար ժամանակ է, ինչ մաքսակետ է կառուցվել։ Դե արի ու մի մտածիր, որ սա պայմանավորվածություն չէ»,-ընդգծել է Սեյրան Օհանյանը: