24/11/2021 15:21
«Ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը». Ինչ է իրականում պատասխանել Ալեն Սիմոնյանը ռուս լրագրողին (Տեսանյութ)
Երեկ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ շտապեցին արտատպել «Комсомольская правда»-ի թղթակցի` «Պատերազմից մեկ տարի անց Արցախում» վերնագրով ծավալուն հրապարակման` ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վերաբերող հատվածը, այս մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվական բաժնից:
«Ալեն Սիմոնյանի հետ զրույցում լրագրողն իր զգացողությունները ներկայացրել է որպես փաստ, որոնք բնավ չեն արտացոլում հարցազրույցի իրական պատկերը:
Եղելությունը հետեւյալն է՝ նախ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առանձին հարցազրույց չի տվել տվյալ լրատվամիջոցի լրագրողին: Լրատվամիջոցի ներկայացուցիչն ԱԺ նախագահի հետ հանդիպել է նոյեմբերի 12-ին ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների լրագրողների հետ միասին՝ Հայաստան այցի շրջանակում:
Իրականում լրագրողի հարցը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը խեղաթյուրված են և կտրված կոնտեքստից: Լրագրողը հոդվածում նաև նշում է, որ փորձում է պաշտպանել Ռուսաստանին հերթական մեղադրանքից: Սակայն, հարցուպատասխանի ընթացքում հստակ երևում է, որ ոչ միայն մեղադրանք չի հնչել Ռուսաստանի հասցեին, այլև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ լրագրողի դիտարկումների հետ»,-նշել են ԱԺ-ից ու ներկայացրել հարցուպատասխանը:
Լրագրող- Դուք հանձնել եք Ղարաբաղը...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Դուք կարծում եք, որ մենք հանձնե՞լ ենք Ղարաբաղը:
Լրագրող- Ես կարծում եմ, որ դա արվել է այն բանի համար, որպեսզի Հայաստանը փոխի աշխարհաքաղաքական վեկտորը՝ ռուսաստանյանից մեկ այլ...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Այդպիսի ընկալում, այդպիսի մտքեր կան նաև հայ հասարակության մոտ, որ Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը, նույն ձեր տրամաբանությամբ...
Լրագրող- Իսկ դուք համաձայ՞ն եք այդ մտքի հետ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Իսկ դուք ինչի՞ց վերցրիք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը: Որովհետև, գիտեք, երբ ասում եք, որ ինչ-որ մեկը հանձնել է Ղարաբաղը, դուք վիրավորում եք զոհվածներին և այն ընտանիքներին, որոնք իրենց հարազատներին կորցրել են այդ պատերազմում: Մեր ժողովուրդը կռվել է մինչև վերջ, և եթե որևէ մեկը պատրաստվեր որևէ բան հանձնել, կար մի քանի տարբերակ դա անելու համար՝ սկսած Լավրովի պլանից, վերջացրած այնպիսի որոշմամբ, որի դեպքում 3800 զոհ չէր լինի հայկական կողմից: Այնպես որ, ասել, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան հանձնել է, նշանակում է՝ չիմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում, չիմանալ, թե ինչ է կատարվում Ադրբեջանում, ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, և, ցավոք սրտի, Ռուսաստանում:
Լրագրող- Դեռ հոկտեմբերին ես Դոնբասի կամավորականների հավաքին էի: Մի քանի հազար մարդ պատրաստվում էին ձեզ օգնելու գալ: Միության ղեկավարն ասաց՝ պետք չի գնալ, մի քանիսը գնացել են և վերադարձել: Հայաստանում ընդունվել էր վարձկանության մասին օրենքը, և կամավորականներից շատերը հայտնվում էին այդ օրենքի տիրույթում: Այսինքն՝ դուք գիտակցաբար փակել եք այն մարդկանց հոսքը, որոնք պատրաստ էին արյուն թափել:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան- Մենք մարդկանց քանակի հետ կապված խնդիր չենք ունեցել: Մեր խնդիրն այն էր՝ ինչպես պայքարել բայրաքթարների դեմ, որոնց հնարավոր չէր խոցել մեր ունեցած տեխնիկայով: Մենք դուրս ենք հանել մեր մոտավորապես 25 հազար զինծառայողներին այն տարածքներից, որոնք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ: Ու դուք կարծում եք, որ պատերազմը պարտվել ենք, որովհետեւ մարդ չունեի՞նք: Իրո՞ք: Դուք կարծում եք, որ 2020 թվականին պատերազմը հաղթում են մարդի՞կ:
ԱԺ լրատվականը ներկայացրել է տեսագրությունը` նշելով, թե այն առանց որևէ միջամտության է:
«Դատողությունները թողնում ենք ձեզ, թե արդյո՞ք հարցազրույցը վերածվել է բանավեճի կամ Ալեն Սիմոնյանը զրույցի կեսից «տաքացել է»: Կոչ ենք անում «Комсомольская правда»-ի թղթակից Դմիտրի Ստեշինին զերծ մնալ տարատեսակ շահարկումներից և ջուր չլցնել այն մարդկանց ջրաղացին, ովքեր փորձում են վնասել հայ-ռուսական հարաբերությունները ու իրենց քայլերով սեպ խրել բարեկամ և դաշնակից երկու երկրների միջև», - նշված է ԱԺ հաղորդագրությունում: