24/11/2021 20:35
Թուրքիայի տնտեսությունը շարունակում է անկումը, ընդդիմությունը պահանջում է Էրդողանի հրաժարականը
Թուրքական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն հայտարարել է, որ հասնելու է նրան, որպեսզի Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացվեն։ Նման հայտարարությամբ հանդես գալու պատճառը Թուրքիայում խորացող տնտեսական խնդիրներն են։
Ըստ NTV հեռուստաալիքի՝ ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ստիպի Էրդողանին՝ գնալ արտահերթ ընտրությունների։ «Դա ամբողջ ազգի պահանջն է»,- ասել է նա։
Քիլիչդարօղլուն Թուրքիայի իշխող վերնախավին և Էրդողանին է մեղադրել տնտեսությունում ստեղծված վիճակի համար, հիշեցրել է, որ ավելի վաղ տնտեսական, ֆինանսական և սոցիալական խնդիրները լուծելու նպատակով խորհուրդ ստեղծելու նախաձեռնությամբ է հանդես եկել, ինչն Էրդողանն անտեսել է։
Էրդողանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ վերջին օրերին հնչեցրել են թուրքական ընդդիմադիր այլ ուժեր ևս։
Նշենք, որ թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել։ Այն նախօրեին դարձել է աշխարհում ամենից շատ արժեզրկված դրամական միավորը։
Լիրայի արժեզրկման ֆոնին տարերային ինքնաբուխ բողոքի ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում և մայրաքաղաք Անկարայում։