24/11/2021 14:31
Pegasus լրտեսող ծրագրի մասին Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել, սովորաբար, նրանք շատ կարևոր մարդիկ են. Սամվել Մարտիրոսյան
Apple-ից նախազգուշական նամակ Հայաստանում 2-ից ավելի մարդ է ստացել, որովհետև ես ուրիշ դեպք էլ գիտեմ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այս գիշեր ընկերության կողմից ստացված նախազգուշական նամակին, որով հեռախոսների տերերը ծանուցվել են իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագրի մասին։
«Առնվազն մի քանի մարդ ստացել է այդ նամակից։ Google-ը, Apple-ը և մի շարք այլ կազմակերպություններ ունեն ծրագիր, որով, եթե հայտնաբերում են, որ կա պետական հաքերային հարձակում, ապա նախազգուշացնում են։ Հաշվի առնելով, որ հիմա Apple-ի հեռախոսները լուրջ հարձակման տակ են, և դրանք վարակելու համար Pegasus կոչվող լրտեսող ծրագիր է օգտագործվում, ընկերությունը փորձում է սրա դեմ պայքարել», - նշեց մեդիափորձագետը։
Սամվել Մարտիրոսյանը շեշտեց՝ տարբեր ժամանակներում Pegasus լրտեսող ծրագիրն օգտագործվել է ոչ միայն Ադրբեջանի, այլև աշխարհի այլ կառավարությունների կողմից։
«Կոնկրետ հայաստանյան դեպքերը պետք չէ մտածել, որ Ադրբեջանի կողմից են եղել։ Միաժամանակ, հարձակման մասին մանրամասներ չեն հաղորդվում, ավելին՝ ընկերությունն անգամ կարող է չիմանալ՝ որտեղից է եղել կիբերհարձակումը, որովհետև հաքերը քողարկվում է», - նշեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ եթե մարդը նախազգուշացնող նամակ է ստաում, ի՞նչ պետք է անի, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց՝ հենց նույն նամակում Apple-ը մանրամասն տեղեկացնում է հեռախոսի սեփականտիրոջը՝ ինչ քայլեր կատարել։ Սակայն ամենակարևոր գործողություններից մեկը, ըստ մեդիափորձագետի, հեռախոսն անընդհատ թարմացված պահելն է։
«Հասարակ մարդը նման նամակ չի ստանա, որովհետև նման հաղորդագրությունները շատ թանկ են և թիրախային, այսինքն՝ սպասել, որ ինչ-որ հասարակ քաղաքացի կարող է նախազգուշացնող նամակ ստանալ, ճիշտ չի լինի։ Նման նամակներ ստացողները շատ կարևոր մարդիկ են», - եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։
Հիշեցնենք՝ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը կարող է անտեսանելի կերպով տեղադրվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, որոնք աշխատում են Apple iOS և Android օպերացիոն համակարգերի որոշ տարբերակներով: Ծրագիրը մշակված է իսրայելական NSO Group ընկերության կողմից:
Ծրագիրը կարող է կոտրել հեռախոսը հեռավորության վրա, հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։