25/11/2021 20:05
Ստամբուլում ցույցերը շարունակվում են, 70 մարդու են բերման ենթարկել
Ստամբուլում երեկ երեկոյան տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 70 մարդու են բերման ենթարկել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ստամբուլի անվտանգության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել՝ Ստամբուլի մի շարք շրջաններում անցկացված ցույցերը համարելով չարտոնված։
«Ցուցարարներին հորդորել են ցրվել։ Քանի որ նրանք անտեսել են նախազգուշացումները, մեր աշխատակիցները բերման են ենթարկել 46 տղամարդու և 24 կնոջ, ընդամենը` 70 հոգու», - նշվում է նրանց հաղորդագրության մեջ։
Ստամուլում և թուրքական այլ քաղաքներում բողոքի ցույցերը՝ Էրդողանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, սկսվել են օրեր առաջ, երբ թուրքական լիրան արժեզրկման ռեկորդ է սահմանել, իսկ Թուրքիայի տնտեսական խնդիրները խորացել են։
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլուն հայտարարել է, որ ամեն գնով հասնելու է նրան, որպեսզի Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացվեն։
Էրդողանի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ վերջին օրերին հնչեցրել են թուրքական ընդդիմադիր այլ ուժեր ևս։
Էրդողանը մերժել է ընդդիմության պահանջները՝ հայտարարելով, որ ընտրությունները տեղի կունենան նախանշված ժամկետում ՝ 2023 թվականին։