25/11/2021 16:50
Պարտադիր պատվաստման հրամանը կապ չունի իրավունքի հետ, այն ակնհայտ հակասահմանադրական է․ Արամ Վարդևանյան
«Նախարարը պարտավոր էր ներկա գտնվել նիստին․ խոսքը ՀՀ բարձրագույն մարմնի առջև հաշվետու լինելու մասին է»,- անդրադառնալով փաստին, որ առողջապահության նախարարը ներկա չի գտնվել ՍԴ նիստին, որտեղ վիճարկվում է 14 օրը ՊՇՌ թեստավորման արդյունք ներկայացնելու կամ պատվաստվելու մասին հրամանը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ճեպազրույցում։
«Նախարարության ներկայացուցիչներին ես հարցեր չունեմ․ իրենք չեն ընդունել պարտադիր պատվասման հրամանը։ Այդ խայտառակ հրամանն ընդունել է մեկ մարդ, և այդ մեկ մարդը առողջապահության նախարարն է։ Խնդիրներից մեկը, որը ներկայացրի, հենց դա է․ մեկ մարդը չի կարող նման ծավալի կարգավորող հարցեր որոշել միանձնյա՝ իր կաբինետում նստած։ Այսօր, երբ ՍԴ-ում հենց իր ընդունած ակտն է վիճարկվում, գործընկերային առումով էլ ճիշտ չէ պատասխանատվությունը թողնել գործընկերների վրա», - հավելեց Վարդևանյանը։
Նա ընդգծեց նաև, որ ՍԴ դիմելով՝ իրենք պայքարում են քաղաքացիների իրավունքի համար։
«Ինձ համար մեկ բան հստակ է` պարտադիր պատվաստման հրամանը կապ չունի իրավունքի հետ, այն ակնհայտ հակասահմանադրական է», - ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ քաղաքացիներին պետք է ճիշտ բացատրել, որ Քովիդի դեմ պայքարի՝ այս պահին գոյություն ունեցող լավագույն միջոցը պատվաստումն է
«Հայ մարդուն զոռով ծախսի տակ դնելով՝ արդյունք չեն ստանալու։ Երբեք ուշ չէ կոմունիկացնելու համար։ Գործընթացն ի սկզբանե ճիշտ չի գնացել։ Օրինակ՝ սկանդինավյան երկրներում կոմունիկացնողները հենց ոլորտի մասնագետներն են․ ոչ մի նախարար, քաղաքական գործիչ, որը զրո առնչություն ունի առողջապահության ոլորտի հետ, չի կանգնում և խոսում, թե ինչ է կորոնավիրուսը և ինչ է պետք անել։ Խոսում են մասնագետները, և մարդիկ լսում են նրանց», - ասաց պատգամավորը։