25/11/2021 19:07
Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը մերն է․ Խորհրդային Հայաստանը չէր կարող իր կարևոր կոմունիկացիան կառուցել «մեկ այլ հանրապետության տարածքում»․ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար
«Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը մեր տարածքով է անցնում, 1926-29 թվականներին կատարված դեմարկացիոն աշխատանքում ամբողջը կոորդինատներով տրված է, նույնիսկ սահմանների նկարագիր կա»,- Armlur.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը։
«Խորհրդային Հայաստանը չէր կարող իր կարևոր կոմունիկացիան կառուցել, իր պետական բյուջեից գումար ծախսել՝ «մեկ այլ հանրապետության տարածքով» ճանապարհ կառուցելու համար»,- հավելել է նա։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացն, ըստ ԱԱԾ սահմանապահ զորքերի նախկին հրամանատարի, տարիներ, նույնիսկ տասնամյակներ է տևելու՝ հատկապես, եթե այն մեկնարկում է այն պայմաններում, որում այսօր Հայաստանն է։
«Մենք մտնելու ենք մի ջրապտույտի մեջ, որից չենք կարողանալու դուրս գալ երկար ժամանակ։ Օրինակը Վրաստանի հետ սահմանն է։ Այդքան նորմալ մթնոլորտում, բարիդրացիական հարաբերություններում 1996-ից մինչև այսօր չենք կարողացել այդ հարցը լուծել։ Ո՞նց կարող ենք այսպիսի ճնշման, պատերազմի, կիսապատերազմի պայմաններում, ռազմական վիճակում այդ աշխատանքները կատարել։ Ես դա անհնարին եմ համարում»,- նշել է Արմեն Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ երբ հասարակությանն ասվում է, թե սահմանազատումն արագ իրականացնելուց հետո ադրբեջանցիները դուրս կգան մեր տարածքներից, փաստացի ասվում է հետևյալը․ «ադրբեջանցիները դեռ մի 20 տարի էլ կմնան մեր տարածքներում»։
«Որովհետև դրանք շատ երկար պրոցեսներ են։ Նույնիսկ եթե ռուսների կողմից միջնորդավորված ուզենան արհեստականորեն արագացնել այդ պրոցեսները, մի կողմը պետք է գնա մեծ զիջումների, որպեսզի արագ ավարտեն»,- ընդգծել է սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը։