25/11/2021 12:08
«Կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել». Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները կվերապատվաստվեն
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսային իրավիճակին` հայտարարելով, որ թվերի էական ու լուրջ անկում կա:
Նա ասաց, թե դպրոցական արձակուրդների մեկ շաբաթով երկարաձգելը որոշակի դեր է խաղացել թվերի նվազման առումով:
«Բայց մենք ի սկզբանե գիտենք, որ երբ լիարժեք պատվաստումները 350 հազարի շեմը հատեն, արդեն ամենօրյա թվերի վրա կունենանք ազդեցություն ու այսօր լիարժեք պատվաստում ստացած քաղաքացիների թիվն արդեն հատել է 400 հազարի շեմը, ինչը շատ լավ նորություն է», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը, սակայն, նշեց, թե չպետք է թուլացնել զգոնությունը:
«Այնպես, ինչպես 2020 թվականից կառավարում ենք կորոնավիրուսի համավարակը, առնվազն այլ երկրների հետ համեմատած, չենք կարող ասել, որ վատ է կառավարվել, ինչը շատ լավ է, բայց մեր հիմնական ուղղությունը պետք է լինի պատվաստումները», - ասաց նա:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե երեկվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք, թեստավորվել է 7666 քաղաքացի, մահացել է 40 քաղաքացի:
«Ընդհանուր` իրականացվել է 1 միլիոն 168 հազար 501 պատվաստում», - ասաց նա:
Նախարարի խոսքով` արդեն իրականացնում են այն քաղաքացիների վերապատվաստումը, ովքեր վեց ամիս առաջ են պատվաստվել:
«Մեկ-երկու օրվա ընթացքում կհաստատվի հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները կարող են ստանալ վերապատվաստումը», - ասաց նա:
Ավանեսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն է, որ պատվաստված է:
Նախարարը վստահեցրեց` պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հետաքրքրվեց` հնարավո՞ր է մոտ ապագայու թույլ տալ, որ բացօթյա տարածքներում այլևս դիմակ կրելը պարտադիր չլինի:
«Բայց հիմա ձմեռ է գալիս, մարդկանց դեմքը դիմակով ավելի պաշտպանված կլինի: Երևանի ու Հայաստանի շատ տարածաշրջանների կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել, այնպես որ՝ եկեք գարնանը դրա մասին մտածենք, չէ, կատակ եմ անում, ըստ իրավիճակի պետք է կողմնորոշվել», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: