25/11/2021 19:50
Սամվել Կարապետյանն ուզում է ձեռք բերել «Ռոստելեկոմը» և 1,5 մլրդ դրամի ներդրում անել («Հետք»)
Հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Ռոստելեկոմ» ապրանքանիշը ներկայացնող «Ջիէնսի-Ալֆա» ՓԲԸ-ն 2021 թվականի հոկտեմբերի 19-ի գրությամբ խնդրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնությունը «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերության միջոցով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի միակ բաժնետեր «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման համար, գրում է Hetq.am-ը։
ՀԾՀ անդամ Շահինյանը լրատվամիջոցին հայտնել է, որ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն նախատեսում են Կիպրոսի Հանրապետությունում գրանցել նոր ընկերություն՝ «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ», որը ձեռք կբերի «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։ «Մոլիտրո Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը Կիպրոսում դեռևս չի ստեղծվել։
Հարցի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով հանձնաժողովը «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դիմել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, և հարցը դեռևս քննարկման փուլում է։
«Միևնույն ժամանակ, Կառավարության 2002 թվականի օգոստոսի 13-ի №1172Ա որոշմամբ հաստատված և Կառավարության ու «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև նույն թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի 6.9 բաժնի շրջանակում հանձնաժողով է դիմել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն՝ խնդրելով հանձնաժողովի համաձայնությունը վերջինիս կողմից Կիպրոսի Հանրապետությունում նոր ընկերություն հիմնադրելու վերաբերյալ։ Որպես վերը նշված պայմանագրի պայմանագրային կողմի՝ խնդրո առարկա հարցի վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով հանձնաժողովը դիմել է Կառավարություն»,- հայտնել է Սեդա Շահինյանը։
ՀԷՑ-ը «Տաշիր գրուպի» հիմնադիր Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքին է պատկանում։ Վերջիններս հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկում՝ «Յուքոմ»-ում շուրջ 11 տոկոս մասնակցություն ունեն ռուսաստանյան «Ֆորա բանկի» միջոցով։
Արդյոք «Յուքո՞մ»-ն է փորձում ձեռք բերել «Ռոստելոկոմի» բաժնետոմսերը և նպատակ ունի հզորացնե՞լ ընկերությունը՝ վերամիավորելով երկու ընկերություն։ Այս հարցադրմանը «Յուքոմ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից պատասխանել են, որ «Յուքոմ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲ ընկերության ուղղակի կամ անուղղակի գնորդ:
Hetq.am-ը ընկերությանը խնդրել է հաստատել կամ հերքել, որ «Յուքոմի» բաժնեմասում մասնակցություն ունեցող Խաչատրյանները որևէ կերպ չեն առնչվում գործարքին, և «Ռոստելեկոմի» գնումն առնչվում է միայն «Յուքոմի»-ի բաժնեմասում մասնակցություն ունեցող «Տաշիր կապիտալ»-ի (Ֆորա բանկ) ներկայացուցիչներին։
««Յուքոմ» ՓԲԸ-ի տեղեկատվությամբ՝ «Յուքոմ» ՓԲԸ-ի մեծամասնական բաժնետերերը և վերջինիս կառավարչական ընկերությունը ևս չեն հանդիսանում «ՋիԷնՍի-Ալֆա» ՓԲ ընկերության ուղղակի կամ անուղղակի գնորդ»,- նշել է ընկերության մամուլի ծառայությունը։
«Յուքոմ»- ՓԲԸ-ում, ըստ ընկերության ներկայացրած հայտարարագրի, Խաչատրյանները ձայնային առավելություն ունեն, նրանց բաժնեմասը միասին 82,5 % է կազմում։ Խաչատրյանների Բաժնեմասի մասնակցությունը հետևյալ կառուցվածքն ունի՝ Արամ Խաչատրյան՝ 24 %, Արտյոմ Խաչատրյան՝ 29 %, Գուրգեն Խաչատրյան՝ 29 %: 3,7-ական % մասնակություն ունեն Եսայան եղբայրները։
Հայաստանյան ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներում նշվել է, որ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ 100% բաժնետեր է հանդիսանում «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդը»։ «Ֆիլոր Վենչրս Լիմիթեդ»-ի 100% բաժնետեր է հանդիսանում «Ռոստելեկոմ Ինտերնեյշնլ Լիմիթեդը», իսկ «Ռոստելեկոմ Ինտերնեյշնլ Լիմիթեդ»-ի 100% բաժնետեր է հանդիսանում «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ն: «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի 50% +1 բաժնետոմս պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։
Մինչդեռ պատկերը փոքր-ինչ այլ է, երբ ուսումնասիրում ենք ռուսական պաշտոնական աղբյուրները։ Համաձայն «Ռոստելեկոմ» ՀԲԸ-ի ռուսաստանյան կայքի տվյալների՝ ՌԴ կառավարությունը 36 տոկոս մասնակցություն ունի կանոնադրական կապիտալում։ 20 % -ը՝ АО «Телеком Инвестиции», և հաջորդ խոշոր բաժնետերը «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն է՝ 8 % մասնակցությամբ։
ՎՏԲ բանկ ԲԲԸ-ն ՌԴ կառավարության վերահսկողության տակ է՝ 92 % պետական մասնակցության շնորհիվ։ Մնացած փոքր բաժնետերերին բանկը չի գաղտնազերծել, ավելին՝ որոշակի չափաբաժին ազատ շրջանառության համար է նախատեսված։ Հիշեցնենք, որ այս բանկում 2013թ.-ից շուրջ 3 տոկոս բաժնեմաս ուներ նաև Ադրբեջանը։ Դրա դիմաց, օրինակ, 2017թ․ բանկից 7 մլն դոլարի չափով դիվիդենտ է ստացել։ 2020թ․ բանկի տարեկան հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի ներկայացուցիչը մասնակցել է բաժնետերերի տարեկան ժողովին որպես մինորիտար բաժնետեր։ Հետևաբար, Ադրբեջանը դեռևս մասնակցություն ունի բանկի բաժնեմասում, իսկ ֆոնդի գործադիր տնօրեն Իսրաֆիլ Մամմադովը բանկի վերահսկիչ խորհրդի անդամ է։
Ռուսաստանյան «Ռոստելեկոմի» 2020 թվականի ֆինանսական հաշվետվությունից տեղեկանում ենք, որ 2020թ․-ին «ՎՏԲ բանկը» դարձել է «Ռոստելեկոմ» տվյալների մշակման կենտրոնի (Ростелеком – Центры обработки данных) 44,8% բաժնեմասի սեփականատեր։ «Ռոստելեկոմ-ՏՄԿ»-ն «Ростелеком» ՀԲԸ-ի իրավասությունների կենտրոնի կառավարող ընկերությունն է ծառայությունների և ենթակառուցվածքների զարգացման, տրաֆիկների փոխանակման և CDN ծառայությունների գծով։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնել է, որ «Ռոստելեկոմի»-ի վաճառքի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Կառավարության դիրքորոշումները ստանալուց և ամփոփելուց հետո։