25/11/2021 12:52
ԱՎԾ-ն ու նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր են ներկայացրել. նշանակված է քննություն
Կառավարության այսօրվա նիստում վարչապպետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է կորոնավիրուսի հետևանքով մահվան տվյալներ, որոնք նախկինում առողջապահության նախարարության հրապարակած տվյալների հետ ունեն շեղում:
«Նշանակված է քննություն, որ պարզենք, թե ինչն է մահերի վիճակագրությունների տարբերությունը, պետք է հասկանանք, վերստուգենք, թե այդ մահերից որքանն է եղել քովիդի հետևանքով, որքանը՝ այլ պատճառով», - ասաց վարչապետը:
Նա նշեց, թե մոտ 700 տարբերության մասին է խոսքը:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ասաց, թե տարվա ավարտին պետք է շեղումներ չլինեն:
Վարչապետն էլ ընդգծեց՝ ամեն դեպքում, իրավիճակը պետք է լրջությամբ քննեն՝ հասկանալու, թե որտեղ է եղել բացթողում:
«Պարզենք՝ որևէ չարամատություն եղե՞լ է որևէ մեկի կողմից որևէ տվյալ թաքցնելու, մի բան ակնհայտ է՝ ՀՀ կառավարությունը երբեք որևէ այդպիսի մղում չի ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը: